Հայաստանի ազգային կինոկենտրոնն ամփոփում է 2020 թվականը

140

Անցնող  2020 թվականը  փորձություններով ու աղետներով տարի էր մեր երկրի համար․ մարտյան  համավարակի փակ շրջանից մինչև 44 օրյա Արցախյան դաժան պատերազմը՝  իր աղետալի հետևանքներով։ Սակայն, բոլոր դեպքերում կյանքը շարունակվում է և տարեվերջին՝ ավանդույթի համաձայն, փորձում ենք ամփոփել և ամբողջացնել արածն ու չարածը։

Թեև տարին չափազանց ոչ բարենպաստ էր, հատկապես, կինոարտադրողների համար, այդուհանդերձ, նրանց գերակշիռ մասը կարողացավ ստանձնած ժամկետներում ավարտել պետական ֆինասավորում ստացած նախագծերի (տարբեր փուլերի) աշխատանքները, բացառությամբ մի քանիսի, որոնք  հարգելի պատճառներով տեղփոխվել են գալիք՝ 2021 թվական։

Պետական աջակցություն

Հայատանի ազգային կինոկենտրոնի 2020-ին իրականացրած ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման երկու մրցույթների արդյունքում հաստատվել են 45 նախագծեր, այդ թվում՝  29 լիամետրաժ և 16 կարճամետրաժ

Ընդհանուր առմամբ, պետական ֆինանսավորում ստացած նախագծերի ցանկում, 2020-ին ավելացել են դեբյուտները․

Ֆինանսավորան համար հաստատված 45 նախագծից 24-ը դեբյուտ է, այդ թվում՝

Լիամետրաժ՝ 14 (Զարգացման փուլ՝ 6, Արտադրական փուլ՝ 4, Հետարտադրական փուլ՝ 3, Տարածման փուլ՝ 1)։

Կարճամետրաժ՝ 10  (Խաղարկային՝ 7, անիմացիոն՝ 3)։

Խաղարկային ֆիլմերի բյուջեի 2744400 հազար դրամից՝ 156140․0 հազարը այսինքն՝ 56․9%-ը  հատկացվել է դեբյուտային 13 նախագծի (13՝ լիամետրաժ և 10 կարճամետրաժ)։

Մուլտիպլիկացիայի ֆիլմերի բյուջեի  67575․0 հազար դրամից՝ 33775․0 հազարը այսինքն՝ 50%-ը հատկացվել է անիմացիոն դեբյուտային նախագծերին (1՝ լիամետրաժ և 4՝ կարճամետրաժ)։

Կինոժառանգություն

Նախկին «Հայֆիլմ»  ստուդիայի տարածքում գտնվող Ազգային կինոկենտրոնի ֆիլմ-պահոցի շենքում դասակարգվել են  բազմաթիվ չհաշվառված նյութեր,որոնք այս պահին գտնվում են ցուցակագրման փուլում։ Նույն ֆիլմ-պահոցի շենքում առկա են շուրջ 400 մետաղե տուփեր, որոնք պարունակում են արխիվային մեծ նշանակություն ունեցող ժապավենային նյութեր ( օրինակ «Նռան գույնը» ֆիլմի տեսարանների սևապատկերներ, «Մենավոր ընկուզենի» ֆիլմի նկարահանման ընթացքի կինո-վավերագրություններ, ամբողջական կարճամետրաժ ֆիլմեր և հայերեն ձայնավորմամբ արտասահմանյան ֆիլմերի պատճեններ և այլն)։ Պահեստում նաև հայտնաբերվել են մոտ 350 հայկական ֆիլմերի մոնտաժային թերթեր, և «Հայֆիլմ» ստուդիայի ֆոտո արխիվի՝ 5000 լուսանկարներ։

Ստուդիայի գլխավոր մասնաշենքի մոնտաժային և ձայնավորման հարկաբաժիններում հայտնաբերվել է մեծ ծավալի արխիվային նյութեր, որոնք ի մի են բերվել և դասակարգվել կինոժառանգության բաժնի կազմակերպած շաբաթօրյակների ընթացքումհավաքվել են շուրջ 2900 մետաղե տուփեր, որոնք պարունակում են 1970-2000-ականներին «Հայֆիլմում» արտադրված տասնյակ գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի մասնակի և ամբողջական աշխատանքային բնույթի նյութեր, 35մմ պոզիտիվ և նեգատիվ ժապավեններ, 35մմ մագնիսային ձայներիզներ։ Նույն տարածքից դուրս են բերվել նաև 400  ժապավենային ձայներիզներ, որոնցում ամփոփված են  տարբեր ֆիլմերում գործածված երաժշտական ձայնագրություններ, դերասանական ձայնավորումներ և «աղմուկներ»։  Չափազանց մեծ պատմական արժեք է ներկայացնում՝  հայտնաբերված 350 թղթապանակներում ամփոփված Հայֆիլմ ստուդիայի անձնակազմի և աշխատանքային գործընթացներին առնչվող վարչական արխիվը։

Հայտնաբերված արխիվային նյութերն այժմ գտնվում են հաշվառման, ուսումնասիրման և գրանցման փուլում։ Կինոժառանգության բաժինը նաև նախաձեռնել է հայկական կինոյի հետազոտմանը և հանրայնացմանը միտված շարունակական նախագծերի շարք։

Արտաքին կապեր

Բեռլինալե

2020-ին Հայաստանն առաջին անգամ իր առանձին տաղավարով (փետրվարի 20-27-ը) պաշտոնապես  ներկայացավ Բեռլինալեի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկայում (EFM – European Film Market):  Հատուկ Բեռլինի կինոշուկայի համար տպագրվել էր կատալոգ, որում ներառվել էին և՛ կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած, և անկախ ստեղծագործողների ֆիլմերն ու նախագծերը։

Մեր կինոժառանգության հանդեպ մեծ հետաքրքություն են ցուցաբերում նաև «Կինոկլասիկա» հիմնադրամի ներկայացուցիչները, որոնց հետ հանդիպման ընթացքում  քննարկվել են  մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ Ազգային կինոկենտրոնի  աշխատակիցները 2020 թ․-ի ընթացքում շարունակական  բանակցություններ են իրակացրել։ Այս համագործակցության շոշափելի արդյունքներն արդեն կներկայացվեն  2021թ-ին։

Վաշինգտոն

 2020 թ փետրվարի 29-ից մարտի 5-ը Վաշինգտոնի ազգային պատկերասրահը համագործակցելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության  և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ  կազմակերպել էր «Հայկական ոդիսական» հայ մշակույթի, երաժշտությանը և ֆիլմերին նվիրված փառատոն, որի շրջանակներում ամերիկացի հանդիսատեսին ներկայացվեցին հայկական դասական ֆիլմեր և երաժշտություն։ Փառատոնի կինոծրագրում ընդգրկված էին ՍՓարաջանովի «Նռան գույնը» և  «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի վերկանգնված տարբերակները, ինչպես նաև Համո Բեկնազարյանի «Զանգեզուր»   ֆիլմը։