Արտահերթ աղետը…

143

Արցախյան պատերազմում կրած խայտառակ պարտությունից և ստորագրված կապիտուլիացիոն համաձայնագրից հետո՝ ցանկացած երկրի առաջնորդ իր կամքով հրաժարական կտար և հնարավորություն կստեղծեր փրկել պետականությունը։ Բայց մեզ բախտ չի վիճակվել նույնիսկ այդպիսի՝ տրամաբանական և սպասելի սցենար ունենալ։

Մեր դեպքում ՀՀ վարչապետը փաստաթղթի ստորագրումից ժամեր հետո սկսեց մեկը մյուսի հետևից լայվ-տեսանյութեր հրապարակել՝ մեղավորներ փնտրելով, զինվորին ու կամավորին դասալքության մեջ մեղադրելով… Այս ամեմի կուրմինացիան եղավ քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձը՝ վրեժի կոչով, իսկ արդեն օրեր անց նաև «պատերի տակ» ընդդիմադիրներին վնասազերծելու մասին ակնարկով։

Հաջորդող օրերին ընդդիմությունը փորձեց միասնական հարթակ ձևավորել՝ ընդդեմ պարտված վարչապետի։ Երկրի ողջ տարածքում սկսեցին ծավալվել բողոքի և անհնազանդության ակցիաներ։ Կառավարությունն իր հերթին, ի պատասխան դրանց, անցավ սադրիչների միջոցով բախումներ հրահրելու տակտիկային, որը, շնորհիվ քաղաքացիների խելամտության, կանխվեց ու բացառվեց։

Հաջորդ քայլը արդեն բազմիցս կիրառված ու գործնականում իր արդյունավետությունն ապացուցած բևեռացումն էր։ Վարչապետն իր հրաժարականը պահանջողներին (որոնց թվում են Հայաստանի գրեթե բոլոր կարևոր ինստիտուտներն ու ծանրակշիռ քաղաքական-հանրային կերպարները) անվանեց էլիտա և նրանց հակադրեց, իր ձևակերպմամբ, ժողովրդին։ Այս խայծը, որն առաջին հայացքից օգտագործվեց ի վնաս հենց գործող իշխանությունների, փաստացի, գրեթե հասավ իր նպատակին։ Բևեռացումը խանգարեց ընդդիմության շուրջ լայն կոնսոլիդացիային կամ՝ հետաձգեց այն (ժամանակը ցույց կտա)։

Այժմ Փաշինյանը պատրաստվում է ցնցումային վիճակում գտնվող երկիրը տանել արտահերթ ընտրությունների։ Եթե նույնիսկ մի պահ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ վարչապետի՝ ինչ-որ գործընթաց երաշխավորելու կարողությունը արդարացի կասկած է հարուցում, անհրաժեշտ է մի քանի արձանագրում անել։Նոր արտահերթը հնարավորություն է տալու իշխանությանը վերարտադրվել կամ առնվազն մանդատներ ստանալ ԱԺ-ում՝ օգտագործելով վարչական ողջ ռեսուրսը։ Իշխանություններն արդեն ցույց են տվել, որ, ըստ էության, չկան կարմիր գծեր՝ իշխանություն պահելու հարցում։ Նրանք նույնիսկ պատրաստ են տարածքներ զիջել հանուն դրա, իսկ այս դեպքում ռեպրեսիաների ու նախընտրական տեռորի մասին խոսելն իսկ ավելորդ է։ Դրանք, անշուշտ, լինելու են։ Ընտրությունների արդյունքում իշխանություններին շանս է տրվում՝ խուսափել պատասխանատվությունից և ենթադրվող պատժից։

Արտահերթ ընտրությունների այս ծանր պահին կազմակերպումը նոր՝ անթույլատրելի մակարդակի կբարձրացնի հասարակության բևեռացումը, որը, առանց այն էլ, բավականին վտանգավոր չափի է հասել։ ՀՀ-ն կշարունակի չունենալ վարչապետ։ Հայաստանի սահմանների, ՀՀ քաղաքացիների անվտանգության, ռազմագերիների վերադարձման, դիերի փոխանակման գործընթացը կշարունակի կազմակերպվել առանց հայ ժողովրդի շահերի ներկայացուցչի։ Սրա հետևանքները մենք արդեն իսկ ամեն օր տեսնում ենք։

Եթե հանկարծ, օգտագործելով վերոնշյալ հանգամանքները՝ (վարչական ռեսուրս, բռնաճնշումների ալիք) իշխանություններին հաջողվի վերարտադրվել, դա կնշանակի մեր երկրի վերջնական կործանում։ Քանի որ սպասվող ծանր, շա՜տ ծանր օրերին Հայաստանին անհրաժեշտ է հիրավի պրոֆեսիոնալ իշխանություն։ Այլևս «թողեք աշխատեն»-ի ռեսուրս չկա, աշխատանքը «կատարված» է, ու արդեն կործանման շեմին ենք։ Շատերը կասեն, որ վերջին սցենարի դեպքում ժողովուրդն է մեղավոր լինելու։ Գուցե՜։ Փաշինյանը հենց իր հետ պատասխանատվությունը կիսողների է փնտրում։ Ու ժողովրդին պետք է ամեն գնով բացատրել սա։ Այլապես, «ժողովուրդն է մեղավոր» արտահայտությունը, թեկուզև անգործության կամ անճարության լավագույն արդարացումն է (գուցե արդարացի), բայց այն, հաստատ, երկիրը չի փրկելու։