2020-ը…

281

2020-ը…

Ասում են՝ տարին ինչպես սկսես, այնպես էլ կշարունակվի: Բայց ոչ, 2020-ը մեզ ապացուցեց, որ դա իրականության հետ այդքան էլ աղերսներ չունի կամ նա չի ենթարկվում չգրված օրենքներին:

Ինչպես անցած տարիների սկզբին, բոլորս էլ մեծ հույսեր էինք կապում նորեկ տարվա հետ: Բայց ոչ ոքիս մտքի ծայրով նույնիսկ չէր անցնում, թե ինչ անդառնալի ու ցավոտ «անակնկալներ» ունի մեզ համար պատրաստած 2020-ը:

Շատերից էի լսել՝ ասում էին. « խորհրդանշական տարի է՝ 2020, լավ տարի է լինելու»: Ցավոք չսխալվեցիք, խորհրդանշական տարի եղավ, բայց ի հակադրումն ձեր ու բոլորիս սպասելիքների:

Գարնան առաջին օրն էր՝ մարտի 1-ը, թագավարակը թակեց մեր դուռը… առաջին վարակակրին արդեն ունեինք: Բոլորս թողեցինք մեր «աշխարհիկ» կյանքն ու փակվեցինք տներում: Հարազատ մարդկանցից հեռու, աշխատավայրից, համալսարանից, դպրոցից, քաղաքի սիրած անկյունից՝ կարոտով…

Ծանրացած օրեր էին: Բայց հիմա, եթե հարցնեն՝ երանի կտա՞ք այդ օրերին, առանց երկմտելու կպատասխանենք՝ այո՛, թող միայն թագավարակը «տանջեր» մեզ:

Թագավարակն էլ շատերին տարավ մեզանից:
Հանգստություն Իրենց շիրիմներին:

Ծանրացած օրերը գնալով թեթևացան, կյանքը կարծես «վերածնվեց»:

Սեպտեմբերի 26-ը սովորական օր էր, ինչպես սեպտեմբերի 25-ը կամ օգոստոսի 7-ը:

Չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: Չանդրադառնանք պատերազմին: Յուրաքանչյուրը յուրովի «տարավ» այդ օրերը, ոմանք հաղթեցին հետպատերազմյան կյանքին, ոմանք հաղթեցին, ոմանք՝ դեռ ապրում են:

2020-ը անասելի շատ բան տարավ մեզանից… հարազատներ, հայրենիք, ծննդավայր, տուն, սերունդ, երազանքներ, հավատ…

Մնաց 4 օր: Ճանապարհենք այս տարին: Թող վերջինը լինի բոլորիս կյանքում՝ իր տեսակով ու բնույթով:
Թող մեր երեխաները պատկերացում չունենան, թե ինչ ձայն ունի անօդաչուն կամ իրենց սիրելի խաղալիքները չմնան այն տանը, որը միայն հիշողություններում ՝ իրենցը: Թող մեր ծնողների սպիտակ մազերն ու կնճիռները միայն տարիքը ավելացնի:

Խաղաղություն մեր հայրենիքին, բոլորիս:

Իշխան Թովմասյան