Հրաժարականի հանրային պահանջը շեղելու փորձ. Շարժման արձագանքը Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պատրաստակամությանը

212

Ն.Փաշինյանը հայտարարել է 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցության հրավիրելու մասին: Վստահաբար փաստում ենք, որ շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վարչապետի այս պատրաստակամությունը պայմանավորված է բացառապես Հայրենիքի փրկության շարժման գեներացրած զանգվածային չդադարող բողոքի ակցիաներով և պատերազմում կրած խայտառակ պարտության հետևանքով առաջացած ժողովրդական ցասումով: Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների, գիտակրթական և մշակութային մտավորականության, փաստաբանական համայնքի և հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ վարչապետի հրաժարականի միասնական պահանջն է, որ պարտադրել է Փաշինյանին հանդես գալ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով: Կարող ենք արձանագրել, որ սա Հայրենիքի փրկության շարժման առաջին հաղթանակն է: Այդուհանդերձ, այս պահին սա քաղաքական կեղծ օրակարգ է, վարչապետի հրաժարականի հանրային պահանջը շեղելու մանիպուլյատիվ փորձ: Բարոյական և քաղաքական լեգիտիմություն չունի և ընտրական ազատ գործընթաց չի կարող երաշխավորել այն վարչապետը, որն աննախադեպ ներազգային պառակտման է հասցրել հասարակությանը, կապիտուլյացիոն համաձայնագրով դավաճանել է մեր ազգային շահերը, խաթարել երկրի ինքնիշխանությունը՝ երկիրը հասցնելով քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական ու բարոյական կոլապսի: Ինչպես նախապես հայտարարել ենք, վարչապետի հրաժարականին հաջորդող ժամանակավոր անցումային կառավարությամբ է հնարավոր երկրում ձևավորել հանրային համերաշխության մթնոլորտ և հակաճգնաժամային քայլերով կասեցնել պետականության կորուստը, որից հետո կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մեր պայքարն արդար է, մեր պահանջը՝ հիմնավոր: Հայրենիքի փրկության համար պայքարելու ենք մինչև վերջ: 

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ 

27.12.2020