Ինչո՞վ է իրեն քաղաքագետ համարող Վիգեն Խաչատրյանը տարբերվում «Ռեգինա Պրազյանից»

195

Անահիտ Հարությունյանը գրում է.

«Երբ մի օր առաջ կարդացի «Հայկական ժամանակի» հարցազրույցը քաղաքագետ Վիգեն Խաչատրյանի հետ, ակամա հիշեցի 1990 թվականի օգոստոսը, Գերագույն խորհրդի նիստը, երբ իշխանափոխություն պետք է տեղի ունենար, կոմունիստական վարչակարգին փոխարինելու էր ՀՀՇ-ն, որ այն ժամանակ դեռ կուսակցություն չէր, այլ համաժողովրդական շարժում: Ամեն ինչ որոշվելու էր քվեարկությամբ, նայած, թե որ թևն ավելի շատ ձայներ կստանար, կոմունիստնե՞րը, թե՞ հեղափոխականները:Իհարկե, հարցը լուծվեց հօգուտ երկրորդի, և կոմունիստներից շատերը ձայն տվեցին (դե գաղտնի քվեարկություն է), բայց այն, ինչ արեց Վիգեն Խաչատրյանը՝ կոմունիստական կարկառուն ներկայացուցիչներից մեկը, անսպասելի էր:

Նա դավաճանության բացառիկ հրապարակային օրինակ մատուցեց՝ բարձրանալով ամբիոն և ճառելով ընդդեմ կոմունիստների և հօգուտ հեղափոխականների: Հիշում եմ կոմունիստների ապշահար դեմքերը: Նա կարող էր պարզապես քվեարկել, բայց այդ վարմունքով ասաց իշխանության եկողներին՝ ես ձերն եմ ոտուգլխով, վերցրեք ինձ և օգտագործեք: Եվ օգտագործվեց:

Հիշեցի նաև խորհրդարանի մի այլ նիստ, այն ժամանակների, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին քծնելու ամենաընդունված միջոցը դաշնակցությանը հայհոյելն էր: Եվ Վիգեն Խաչատրյանը, արդեն ոչ անսպասելի, թուքումուր թափեց դաշնակցության գլխին:Ռուբեն Հակոբյանը ստիպված եղավ նույն ամբիոնից տեղեկացնել, որ երբ երրորդմասցի տղաները (Վիգեն Խաչատրյանն այդ վարչական շրջանում կոմերիտմության քարտուղար է եղել) ուզում են մեկին հայհոյել, ասում էին՝ «դու իսկական վիգենխաչատրյան ես»: Այս անունը փաստորեն դարձել էր դավաճանության, անազնվության խորհրդանիշ:Հետո, երբ հետագայում այդ վաչակարգն էլ փոխվեց, սույն անձնավորությունն աննկատ հեռացավ քաղաքական դաշտից և այս օրերին, վրայից թափ տալով մոռացության փոշին, փրփուր ի բերան հանդես է գալիս ի պաշտպանություն ներկայիս վարչակարգի, հատկապես՝ դրա ղեկավարի և ընդդեմ հայրենիքի փրկության շարժման, մանավանդ այդ շարժման առաջադրած թեկնածուի:

Սա շատ բնական երևույթ է, դավաճանին էլ ո՞վ ավելի լավ կհասկանա, եթե ոչ դավաճանը, և էլ ո՞վ կպաշտպանի: Բնական է նաև, որ արխիվից հանվում են հին, մոռացված անուններ և կրկին հրապարակ նետվում, քանի որ այսօր այս վարչակարգին պաշտպանող չի մնացել, բացի ֆեյքերի ու զոմբիների բանակից:Մի քիչ ծանրակշիռ մարդիկ են պետք, անուն-ազգանունով մարդիկ: Չկան: Վատ է, շատ վատ է գլխավոր դավաճանի վիճակը: Ուստի, թե ինչ է բարբաջում այս թարմացված դավաճանը, իմաստ չունի վերլուծել: Ի՞նչ ասես մի մարդու, որ հայրենիքի այս ծանր օրերին, երբ արդեն կասկածի տակ է դրվում մեր պետության ոչ միայն ինքնիշխանության, այլև գոյության հարցն առհասարակ, երբ ամեն օր երկրից նորանոր հատվածներ ենք կորցնում, խոսում է այս վարչակարգի ինչ-որ սխալների մասին: Փաստորեն նա ընդամենը սխալ է համարում մեր երկիրը խայտառակ պարտության մատնելը և մի ամբողջ սերնդի ոչնչացման մեղքը: Ի՞նչ է եղել որ, ըստ նրա, կարծես ընդամենը պետական բյուջեի այսինչ կամ այնինչ տողն այնքան էլ լավ չի ձևակերպել:

Սա դեռ բավական չէ, դեռ հայտարարում է, որ այս իշխանությունը պետք է մնա, քանի որ դեռ անելիքներ ունի: Փաստորեն երկիրը օտարին հանձնելու գործը դեռ կիսատ է թողել: Ավելին՝ առաջարկում է ոչ թե հեռացնել, այլ երկխոսության մեջ մտնել այս իշխանության հետ: Ապշել կարելի է: Ո՞վ, ո՞ւմ հետ: Երկխոսե՞լ են ուզում, թող գնան երկխոսեն այն 7000 պատանիների հետ, որոնց, առանց իսկ հոգոց քաշելու, մսաղացը գցեցին: Թող երկխոսեն այն ծնողների հետ, որոնք գոնե իրենց զավակների դիակներն են ուզում:Բնական է նաև այն, որ իրեն դեռ քաղաքագետ համարող անձնավորությունը իջել է մինչև հանրահայտ ֆեյք «Ռեգինա Պրազյանի» մակարդակին, որին հատկացված է ամենանողկալի, ամենաքստմնելի ստերի տարածման դերը: Հիմա ինչո՞վ է տարբերվում Վիգեն Խաչատրյանը նրանից, երբ հայտարարում է, թե «Վազգեն Մանուկյանը գործակալական ցանցի անդամ է»: Քաղաքական հայտնի ուժը միշտ էլ չի հանդուրժել Վազգեն Մանուկյանին, և հասկանալի է, թե ինչու:

Դժվար է այդ տեսակի համար հանդուժել մեկին, որին ոչ մի կերպ չես կարողանում հաղթել, քանի որ չես կարողանում կեղտ կպցնել: Չի կպչում: Չի ստացվում: Բայց և այնպես նրան վարկաբեկելու հարցում քաղաքական այդ ուժը մինչև հիմա շատ ավելի մակարդակով է եղել: Ինչո՞ւ են այս օրին հասել, արդյոք ոչ այն մտավախությամբ, որ իշխանությունը փոխվելուց հետո ջրի երես են դուրս գալու իրական գործակալները: Վախը կործանարար ուժ է, ասում են, և կործանումը սկսվում է ահա այսպիսի անկանոն շարժումներից»: