Ժամանակավոր անցումային կառավարությամբ է հնարավոր կասեցնել պետականության կորուստը, որից հետո կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Հայրենիքի փրկության շարժում

176

Ժամանակավոր անցումային կառավարությամբ է հնարավոր կասեցնել պետականության կորուստը, որից հետո կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին ասված է Հայրենիքի փրկության շարժման տարածած հայտարարությունում:

«Ն. Փաշինյանը հայտարարել է 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցության հրավիրելու մասին:

Վստահաբար փաստում ենք, որ շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վարչապետի այս պատրաստակամությունը պայմանավորված է բացառապես Հայրենիքի փրկության շարժման գեներացրած զանգվածային չդադարող բողոքի ակցիաներով և պատերազմում կրած խայտառակ պարտության հետևանքով առաջացած ժողովրդական ցասումով:

Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների, գիտակրթական և մշակութային մտավորականության, փաստաբանական համայնքի և հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ վարչապետի հրաժարականի միասնական պահանջն է, որ պարտադրել է Փաշինյանին հանդես գալ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով:

Կարող ենք արձանագրել, որ սա Հայրենիքի փրկության շարժման առաջին հաղթանակն է: Այդուհանդերձ, այս պահին սա քաղաքական կեղծ օրակարգ է, վարչապետի հրաժարականի հանրային պահանջը շեղելու մանիպուլյատիվ փորձ:

Բարոյական և քաղաքական լեգիտիմություն չունի և ընտրական ազատ գործընթաց չի կարող երաշխավորել այն վարչապետը, որն աննախադեպ ներազգային պառակտման է հասցրել հասարակությանը, կապիտուլյացիոն համաձայնագրով դավաճանել է մեր ազգային շահերը, խաթարել երկրի ինքնիշխանությունը՝ երկիրը հասցնելով քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական ու բարոյական կոլապսի:

Ինչպես նախապես հայտարարել ենք, վարչապետի հրաժարականին հաջորդող ժամանակավոր անցումային կառավարությամբ է հնարավոր երկրում ձևավորել հանրային համերաշխության մթնոլորտ և հակաճգնաժամային քայլերով կասեցնել պետականության կորուստը, որից հետո կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Մեր պայքարն արդար է, մեր պահանջը՝ հիմնավոր:

Հայրենիքի փրկության համար պայքարելու ենք մինչև վերջ»,- նշված է հայտարարությունում:

Tert.am