Գարեգին Երկրորդի հորդորն է տարեվերջյան Սուրբ Պատարագն անցկացնել խաղաղ մթնոլորտում

161

Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Երկրորդի  հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար:

Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Մայր Աթոռը գնահատում է Սուրբ Եկեղեցու նկատմամաբ իր զավակների նախանձախնդրությունն ու հավատարմությունը և հորդորում պահպանել հանգստություն ու հանդարտություն, չազդվել սադրիչ հայտարարություններից:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ բողոքի ակցիաների կազմակերպման ու իրականացման մասին հրապարակային կոչեր են հնչում` ընդհուպ դեկտեմբերի 27-ի Սուրբ Պատարագի անցկացումը խափանել և Վեհափառին դուրս հանել եկեղեցուց:

Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, առանձին դեպքերում այդ կոչերում օգտագործվել են վիրավորական, ատելության խոսքին բնորոշ արտահայտություններ, որոնք իրենց մեջ պարունակում են այդ ակցիաների ընթացքում հնարավոր բռնությունների, հասարակական կարգի խախտման հանգեցնող, ինչպես նաև ապօրինի այլ գործողությունների էական ռիսկեր: