Տարօրինակ պատերազմ. ռազմական պարտության մեխանիկան

69

Միջազգայնագետ Վարդան Բալյանը իր ՖԲ էջում գրում է, –

Դիվանագիտական տապալման համատեքստում պատերազմական պարտության բանաձևը սահմանվել էր դեռևս Առաջին արցախյան պատերազմի ավարտին։
Հաղթական այդ պատերազմից հետո մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը իր ռազմական ստրատեգիայի հիմքում դրեց դիրքային պաշտպանական պատերազմի հայեցակարգը։ Թշնամու հնարավոր հարձակմանը հաջող դիմակայությունը կապվում էր Օհանյանի պաշտպանական գծի հետ։ Անգամ այսօր բազմաթիվ են պնդումները, թե պաշտպանական համակարգը ինժիներական և էշելոնավորման բացեր ուներ, որոնք էական նշանակություն են ունեցել պարտության մեջ։ Ես այդ կարծիքին չեմ, իհարկե, որովհետև այդ տրամաբանության մեջ ուրեմն շատ ավելի մեծ նշանակություն է ունեցել վերջին չորս տարիներին պաշտպանության նախարարի երկու փոփոխությունները, ռազմական ղեկավարության կադրային հաճախացած տեղաշարժերը, ԱԱԾ պետի, ոստիկանապետի և այլ ուժայինների անեկդոտային հաճախությամբ փոխատեղումները, որոնց պարագայում ազգային պաշտպանության բնագավառում ուղղակի անհնար էր համակարգային, հեռանկարային պլանավորման հիմքով հետևողական ռազմական քաղաքականության իրականացումը։ Գլխավոր պատճառն իմ կարծիքով այն էր, որ պատերազմի մեկնարկին Հայաստանի ազգային անվտանգությունը պատանդ էր ապահավասարակշռված քաղաքական համակարգի, որտեղ իշխանության պայքարում իրար դեմ պայքարող քաղաքական ուժերը փաստացի չունեին երկրի ազգային֊պետական շահերի ընկալում։ Ցավոտ բան կասեմ, բայց ակնհայտ է, որ Փաշինյանը խոշոր հաշվով հիմա նույն տեսակետին է, ինչ Ալիևը, թե պարտվել է Քոչարյան֊Սարգսյանի բանակը, բայց ոչ ինքը։ Նախորդ երկու նախագահների կողմնակիցները իրենց հերթին ելնում են այն տրամաբանությունից, որ արևմտյան տեխնոլոգիաների կիրառումով հեղափոխությունը անխուսափելիորեն ավարտվում են տարածքային կորուստներով, ճանապարհ են դեպի դժոխք, ինչպես հայտարարում է Պուտինը։ Եվ պատերազմի ժամանակ երկիրը կառավարում էր անվճռական առաջնորդ՝ ոչ պատերազմական, ավելին կասեմ, Փաշինյանն այս ընթացքում ապացուցեց, որ Հայաստանի նման մշտական պատերազմական սպառնալիքի պայմաններում գտնվող  երկիրը նրա նման ղեկավարներ իրավունք չունի ունենալ։
Մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե բանակի չկռվելու ցանկությունն էր, ինչպես հիմա ջանասիրաբար քարոզվում է, այլ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության անկարողությունը և ապիկարությունը կազմակերպել պաշտպանություն՝ քաղաքական էլիտան այդպիսի կամք ուղղակի չուներ։
Խոստովանեմ, ինձ մոտ անձամբ տպավորություն է, որ բանակի հաղթանակի հնարավորությանը կապիտուլյանտների իշխանությունում չի հավատացել ոչ ոք, ինչի արդյունքում պատերազմող  Հայաստանի ճակատագիրը որոշելու իրավունքը հայտնվել էր պարտության հետ համակերպված կուսակցության ձեռքում։ Կեղծ ժողովրդավարական արժեհամակարգից շեղվելու համար քննադատության վախը այս մարդիկ գերադասեցին Ամոթալի կապիտուլյացիային։

Մյուս հիմնական պատճառը նախորդող 26 տարիներին վատ խաղաղությունը պահպանելու նպատակով պատերազմից խուսափելու քաղաքականությունն էր։ Ինքը Փաշինյանը խոստովանեց, որ պատերազմից խուսափելու նպատակ ունեցել է նաև իր կառավարությունը։ Ու այս առումով մի ցավոտ ճշմարտություն կասեմ՝ իրական նպատակը մեզ իշխողների եղել ու կա ոչ թե մարդկային կյանքեր պահպանելու ցանկությունը, այլ սեփական իշխանության հարատևությունն ապահովելու քաղաքական ցինիկ հաշվարկը։