«Կամ գալիս եք մասնակցելու մեր թատրոնին և մեզ տալիս եք գլխավոր դերը, կամ դուք ժողովրդի դեմ եք»

123

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը իր ՖԲ էջում գրում է, –

Եւ միանգամից իշխանությունները դաշտ են գցում հետևյալ քարոզչական թեզը. «Եթե ընդդիմությունը հրաժարվի մասնակցել արտահերթ ընտրություններին, ապա կնշանակի, որ թքած ունեն ժողովրդի կամքի վրա»։

Բացատրեմ, թե որտեղ և ինչպես են խաբում…

Բացի այն բանից, որ սա ստանդարտ պոպուլիստական տրյուկ է («Մենք ու ժողովուրդը մի կողմից ենք, իսկ մեր դեմ բոլոր խոսողները ժողովրդի դեմ են, բլա-բլա-բլա»), այստեղ փորձում են լղոզել իրենց հանցագործության պահը։

Ընդդիմությունը պահանջում է Նիկոլի հեռացումը ոչ թե որովհետև Նիկոլը զուտ խաբեբա, տգետ, ապիկար կառավարիչ է, որն, ընդամենը, «մի քիչ ուշադիր չի եղել» ու, ասենք՝ կաթը թափվել է գազօջախի վրա, այլ որովհետև.

ա) Նիկոլի գործողությունները պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և պատերազմից հետո պետական դավաճանության լրջագույն կասկածներ են առաջացնում (շատ մեղմ եմ արտահայտվում)։

բ) Նիկոլի գործողությունները պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո ի վերջո բերել են հազարավոր կյանքերի կորստի, ահավոր տարածքային կորուստների, միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել Հայաստանին (ներառյալ Արցախին)։ Հայաստանի քաղաքացիների անվտանգության լրջագույն և հիմնավոր սպառնալիքներ են առաջացել։

գ) Նախորդ կետում նկարագրածս գործընթացները ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ են։

Միակ տրամաբանական քայլն այստեղ՝ Նիկոլը և իր հանցագործ կազմակերպությունը պետք է ոչ միայն անմիջապես հեռացվի իշխանությունից, այլև դատվի։

Փոխարենը սրանք անցնում են հակահարձակման և վերջնագիր են ներկայացնում բոլորին՝ քաղաքական կուսակցություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, մտավորականներին, և ընդհանրապես ժողովրդին, թե բա. «Կամ գալիս եք մասնակցելու մեր թատրոնին և մեզ տալիս եք գլխավոր դերը, կամ դուք ժողովրդի դեմ եք»։

Սա է մանիպուլյացիան ու խաբեությունը. գողը բոլորից բարձր է գոռում «Բռնիր գողին»։

Նիկոլականների այս գործողություններից, բնականաբար, շահում է Ադրբեջանը, որը կարող է շարունակել անպատիժ նորանոր դիրքեր գրավել Հայաստանից և նորանոր հարվածներ հասցնել մեր պետությանը, մեզ։