«Թռած» են՝ շառից ու փորձանքից հեռու. «Փաստ»

49

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարբեր հարցազրույցների ժամանակ բազմաթիվ քաղաքագետներ պարբերաբար շեշտում են, որ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում վերջին մեկուկես ամսվա ընթացքում, դուրս է քաղաքագիտական և քաղաքական բոլոր նորմերից ու սկզբունքներից. ընդդիմությունն անընդհատ հայտարարում է, որ պարտված ղեկավարը չի կարող շարունակել կառավարումը, իսկ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով այդ պահանջները, շարունակում է իշխել՝ տեղի ունեցածի մեջ իրենից բացի տարբեր մեղավորներ «նշանակելով»։

Մյուս կողմից՝ փորձագիտական շրջանակները տարօրինակ են գնահատում նաև, այսպես կոչված, իրավապաշտպանների ու մարդու իրավունքների հարցերով զբաղվող անհատների գործողությունները:

Բանն այն է, որ այն բախումներն ու քաղաքացիների հանդեպ իրավապահ համակարգի կողմից իրականացվող ոչ իրավաչափ գործողությունները, որոնք այս օրերին տեղի են ունենում, ոչ մի արձագանք չեն ստանում նրանց մեծամասնության կողմից: Առավել ևս նրանց կողմից, ովքեր հայտնի են որպես արևմտյան հայտնի ուժերի կողմից ֆինանսավորվողներ:

Նրանք ոչ միայն չեն անդրադարձել իշխանության կողմից կիրառվող ուժային գործիքակազմեր ու բռնի մեթոդներ կիրառելու փաստերին, այլ ուղղակի «թռած» են թեմայից՝ ավելորդ անգամ թիրախ ու քննադատության առարկա չդառնալու համար։

Նշենք, որ տարիներ առաջ, երբ ուժայինների կողմից որևէ ոչ ստանդարտ գործողություն էր կիրառվում, տվյալ շրջանակներն ամենօրյա ռեժիմով պաթոսային տեքստեր էին հրապարակում՝ արևմտյան «տերերին» հաճոյանալու նպատակով, շատ հաճախ «լուն ուղտ շինելով»: