Թույլ չտաք Ձեր ուսադիրների հետեւում թաքնվելով՝ շարունակեն երկիրը կործանել․ գեներալները դիմել են իրավապահ համակարգի աշխատողների ընտանիքներին

156

Նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը և արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը հայտարարություն են տարածել որով Ոստիկանության, իրավապահ համակարգի աշխատակիցների ընտանիքներին կոչ են անում հորդորել իրենց ամուսիններին, եղբայրներին և ծնողներին զերծ մնալ ապօրինի հրամաններ կատարելուց։ Հայտարարությունը՝ ստորև․

«Ոստիկանության եւ իրավապահ մյուս համակարգերի աշխատակիցներ՝ ցավով եմ նշում, որ Դուք ականջալուր չեղաք եւ անհաղորդ մնացիք մեր եւ Ձեր մյուս ավագ ընկերների ու կոլեգաների Ձեզ ուղղված կոչին, որ չկատարեք դավաճանների հանցավոր հրամանները, որ թույլ չտաք Ձեր ուսադիրների հետեւում թաքնվելով՝ շարունակեն երկիրը կործանելու իրենց հանցավոր մտադրությունը։ Ձեր անհասկանալի ու անբացատրելի վարքագծից դրդված մենք ցանկանում ենք այս անգամ, որպես ծայրահեղ քայլ, դիմել Ձեր ընտանիքներին՝ ասելով հետեւյալը. հարգելի հայրեր ու մայրեր, կանայք ու զավակներ, հարազատներ, հարեւաններ ու վերջապես ընկերնե՛ր, բացատրեք ու հորդորեք ոստիկանության ու մյուս իրավապահ համակարգերում աշխատող Ձեր որդուն, ամուսնուն, ծնողին, հարեւանին ու ընկերոջը, որ նրանք կույր կամակատարի իրենց վարքագծով դառնում են մեղսակից ՀԱՅՐԵՆԻՔԻ ու պետականության կործանման դավաճանների հանցավոր գործողություններին, որ այդպես շարունակելով՝ նրանք պատասխան են տալու ոչ միայն իրենց խղճի ու Աստծո, այլ նաեւ օրենքի առաջ։ Մի՞թե Որոտանն ու Շուռնուխը չեն դառնալու թմբիրից արթնանալու վերջին կաթիլը։ Ժողովուրդը նրանց դեռեւս չի ընկալում որպես թշնամի։ Խնդրում ենք հորդորել, որ հուսախաբ չանեն ժողովրդին։

Անկեղծ եւ բարի ցանկություններով՝

Ոստիկանության գեներալ-մայոր՝ Գագիկ Համբարձումյան

Արդարադատության գեներալ-մայոր՝ Թաթուլ Պետրոսյան»։