Ըստ մեր տվյալների ունենք 2900 զոհ, որից 583-ի ընտանիքներին արդեն փոխհատուցել ենք. Վարուժան Ավետիքյան

442

Վերջերս լուրեր էին շրջանառվում, ըստ որոնց զինծառայողների ապահովագրման հիմնադրամին ամեն ամիս փոխանցվող գումարը (1000 դրամ) բարձրացվելու է։ Այս և այլ հարցերի շուրջ Azgonline-ը զրուցեց զինվորների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ։

  • – Պարոն Ավետիքյան, որքա՞ն ժամանակ է գործում հիմնադրամը և ով կամ ովքեր էին գաղափարի հեղինակները, և մինչև օրս ի՞նչ ծավալի աշխատանք եք կատարել։

Հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին։ Գաղափարի հեղինակը ի սկզբանե ես եմ եղել, հետո միացել են Կենտրոնական բանկի թիմը, ապա Պաշտպանության նախարարության թիմը՝ Վիգեն Սարգսյանի օրոք։ Մինչև վերջին պատերազմը 416 ընտանիքների ենք փոխհատուցել, այս պատերազմից հետո՝ 583 ընտանիքների։ Այս տարիների ընթացքում շուրջ 38 մլրդ դրամի մուտքեր ենք ունեցել, որից 7 միլիարդ դրամը նվիրաբերություններ են եղել։ Կատարվել է շուրջ 6,5 միլիարդ դրամի փոխհատուցում։

– Վերջերս լուրեր տարածվեցին, որ ըստ ստացած աշխատավարձի՝ հիմնադրամին փոխանցվող 1000 դրամը բարձրանալու է։ Ի՞նչ նպատակ ունի սա և արդյո՞ք հասարակական արձագանքները դրական են:

Իր գործունեությունը ծավալելու համար, անհրաժեշտ է, որ հիմնադրամի տարեկան մուտքերը լինեն նվազագույնը 23 մլրդ դրամ՝ 7,5 մլրդի փոխարեն։ Կար երկու տարբերակ՝ մեկ միասնական 3000 դրամների տարբերակը և սանդղակային տարբերակը։ Կառավարությունը տարբեր պատճառներից ելնելով որոշեց ընդունել սանդղակային տարբերակը։ Արձագանքերի տեսանկյունից, համապատասխան հետազոտություն չի իրականացվել, որպեսզի պարզ դառնա հասարակության արձագանքը դրական է, թե բացասական։ Բնական է, ոմանք դրական կվերաբերվեն, ոմանք՝ բացասական։

– Արդյո՞ք սփյուռքը ներգրավված է այս աշխատանքներում։

Այո՛, ներգրավված է, հիմնականում նվիրատվությունների տեսքով։

– Ունե՞ք մոտավոր հաշվարկներ, թե ինչքա՞ն գումար է անհրաժեշտ, որպեսզի կարողանաք փոխհատուցել զոհվածների և հաշմանդամություն ունեցողների ընտանիքներին։

Տարեկան անհրաժեշտ է 23 մլրդ դրամ, որպեսզի կարողանանք ամսական վճարումները կատարել։ Ինչ վերաբերում է միանվագ վճարումներին, եթե մենք ունենանք 7000 դեպք (զոհվածներ, հաշմանդամություն ունեցողներ, անհայտ կորածներ), շուրջ 50-55 մլրդ դրամ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ կլինեն։

– Վերջին պատերազմից հետո, քանի՞ ընտանիքների եք փոխհատուցել, և եթե կան հաշվարկներ, քանի՞ ընտանիքների էլ դեռ պիտի փոխհատուցեք։

Ըստ մեր տվյալների ունենք 2900 զոհ, որից 583-ի ընտանիքներին արդեն փոխհատուցել ենք: