Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցը պիտի լուծվի, մեր ժողովուրդը մնացել է սարերին սեղմված, ռեսուրսներից զուրկ. Վահրամ Բալայան

55

Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցը պիտի լուծվի, որպեսզի մարդն իրեն ապահով զգա, տեսնում ենք, որ Ադրբեջանն արդեն իր վերահսկողության տակ անցած տարածքները վերաբնակեցնելու ծրագրեր է իրականացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

«Մյուս կողմից էլ տնտեսական բազում հարցեր են առաջացել, բյուջեն համալրելու եկամուտների աղբյուրները չկան: Տարածքները չկան, ՀԷԿ-երը չկան, հանքերի մի մասը չկա: Բնական է, որ պետք է Հայաստանից նաև ներարկումներ լինեն. Մեր ձեռքին ի՞նչ կա՝ ջարդված ժողովուրդ, սարերին սեղմված, դաշտավայրից կտրված, ռեսուրսներից զուրկ երկիր, ժողովրդի մի մասն էլ փախստական է: Ժողովուրդը մենակ ի վիճակի չէ այդ ծավալի հարցերի լուծումներ ապահովել»,-ասել է նա:

Վահրամ Բալայանի խոսքով՝ վերականգնման փորձեր արվում են, բայց ինտենսիվ աշխատանքներ չեն տարվում:

«Տարածքների, սահմանների ճշգրտման, կարգավիճակի, անվտանգության հետ կապված հայկական կողմից աշխատանքներ չեմ տեսնում: Նույն վիճակն է, ինչ Սյունիքում: Նախ Հադրութի գյուղերում էր, այն օրն էլ հաղորդում էին Խրամորթի հետ կապված. Աղդամը հանձնելուց հետո բարձրացել են դիրքեր, ասում են՝ մեր տարածքում եք դիրքերը դրել, կամ  նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո դեպի Շոշ, Կարմիր շուկա գնում ես՝ հակառակորդի դիրքերը ահագին ներքև են դրվել, ինչքանո՞վ է դա ամրագրված փաստաթղթով, պարզ չէ, մարդկանց անվտանգության հետ կապված հարցեր կան»,-ասել է նա:

Անդրադառնալով հարցին, թե Արցախում ներքաղաքական կոնսուլտացիներն ինչ փուլում են, ասաց, որ իր տպավորությամբ ձախողված են, բայց ավելին չի կարող ասել, քանի որ բանակցություններին ինքը չի մասանակցում: