ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոթքի ոսկու հանքի սեփականությունը, ԽՍՀՄ կառավարության որոշմամբ, վերապահված է Հայաստանի ԽՍՀ-ին․ բացառիկ փաստաթղթեր

178

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում բացառիկ փաստաթղթեր ներկայացրեց այն մասին, որ Սոթքի ոսկու հանքի ամբողջական շահագործման համար անհրաժեշտ՝ 2 050 հա տարածքը պատկանել է Հայկական ԽՍՀ-ին հանքի շահագործման առաջին օրից մինչև ԽՍՀՄ փլուզումը, որից հետո էլ անցել է Հայաստանի Հանրապետությանը՝ իբրև Խորհրդային Հայաստանի իրավահաջորդի։

Սա վկայող փաստաթղթերը Հայաստանի ազգային արխիվում են, որոնց լուսանկարներն էլ մեզ ներկայացրեց Խոսրով Հարությունյանը։

Իրավիճակը առավել մանրամասն ներկայացնելով՝ նախկին վարչապետը պատմեց 1984 թ-ի զարգացումները, երբ անհրաժեշտություն առաջացավ Ադրբեջանին վճարել և փողով գնել ևս 250 հա տարածք՝ Սոթքի հանքի լիարժեք շահագործման համար անհրաժեշտ 2 050 հա-ը լրացնելու համար։ Միութենական որոշմամբ՝ Հայաստանը Ադրբեջանին վճարեց 103 հազար 730 ռուբլի՝ այդ 10 տոկոսի՝ 250 հա-ի դիմաց։

«Այսինքն՝ Սոթքի ամբողջ հանքավայրի լիարժեք օգտագործման համար հարկավոր էր 2 050 հա։ Այդ 2 050 հա-ից 250-ն է՝ մոտ 10 տոկոսը, որ անհրաժեշտություն է առաջացել օգտագործել Քելբաջարի 2 կոլխոզների հողատարածքներից և հայկական կողմը դա գնել է։ Ընդ որում, այդ 250 հա-ի վերաբերյալ կա նախ՝ միջպետական, նկատի ունեմ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության միջև միջպետական հանձնաժողովի արձանագրությունը առ այն, որ 2 050 հա-ի մեջ անհրաժեշտություն կա ներգրավել Քելբաջարի շրջանի երկու կոլխոզների՝ 250 հա հողատարածքները։

1984 թ-ին ստեղծվել էր միջպետական հանձնաժողով, որը անդրադարձավ նաև այս խնդրին։ Հետևաբար, երկու հանրապետությունների այդ միջպետական հանձնաժողովը արձանագրել է սա։

Ավելին, հետագայում այս բոլոր փաստաթղթերը մինչև 1988 թ-ը ուսումնասիրվել է մասնագիտացված հանձնաժողովների կողմից, մոտ 4 տարի վերլուծվել է սահմանի հստակեցումը և 1988 թ-ին այն հաստատվել է ԽՍՀՄ կառավարության կողմից։ Այսինքն, այլևս որևէ խոսք չկար, քանի որ հաստատվել էր միութենական կառավարության կողմից։

Այսինքն, դե ֆակտո և դե յուրե այս ամբողջ 2 050 հա-ի սեփականությունը, օգտագործումը և տնօրինումը՝ միութենական կառավարության որոշմամբ, վերապահված էր Հայաստանի ԽՍՀ-ին»,-մանրամասնեց Խոսրով Հարությունյանը։

Ադրբեջանցիներն, իհարկե, միշտ էլ Սոթքի ոսկու հանքի նկատմամբ ունեցել են անթաքույց հետաքրքրություն և դա զարմանալի չէ։ Բայց հանքավայրը միշտ եղել է Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության սեփականություն, նրա տարածքի անկապտելի մասը, որն ամրագրված է Խորհրդային Միության ամենաբարձր որոշումներով։

Դա արտահայտված է նաև քարտեզներում։Եվ որ ամենաէականներից է՝ ոսկու հանքավայրի շահագործման պրոդուկտը, որ ՀՆԱ-ի կարևորագույն հատվածն էր խորհրդային տարիներին, միշտ Խորհրդային Հայաստանի հաշվեկշռի մեջ է ներգրավված եղել։

Եվ ադրբեջանցիները դեռևս Խորհրդային տարիներին հաշտվել էին այն մտքի հետ, որ Սոթքի հանքավայրը իրենցը չէ, դրա մշակման և պրոդուկտի օգտագործման բացարձակ իրավասությունը վերապահված էր Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությանը հանքի շահագործման հենց սկզբից։

Այնպես որ, վերջին օրերին ադրբեջանցիների ներխուժումը Սոթքի հանք բացարձակապես ապօրինի է։ Եվ անհասկանալի է՝ ինչո՞ւ են Հայաստանի ներկա իշխանությունները լուռ հանդուրժում բռնազավթումը։ Եթե անգամ Նիկոլ Փաշինյանը ունի ադրբեջանցիների հետ բանավոր պայմանավորվածություն այս տարածքը ևս նրանց հանձնելու մասին, բանավոր պայմանավորվածությունը չի կարող օրինական հիմք լինել ադրբեջանցիների ներխուժման համար երբևէ իրենց չպատկանած Սոթքի ոսկու հանքավայր՝ ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Նրա համոզմամբ, այս փաստերը պետք է ներակայացնել ռուսական կողմին և դա պետք է արվի պետական ամենաբարձր մակարդակով։

Փաստաթղթերը և հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

Yerkir.am