Պաշտպանության նախարարությունն է նման հրաման տվել, որ պետք է հետ քաշվենք․ Կապանի քաղաքապետ (տեսանյութ)

112

Սյունիքի մարզի, ՀՀ տարածքներից մետր քառակուսի անգամ չի տրվել Ադրբեջանին, լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Խոսքը գնում է անվտանգության գոտու մասին, մեր զբաղեցրած բնագծերի մասին, որոնցով մենք ապահովել ենք մեր բնակչության անվտանգությունը», – ասաց Փարսյանն ու հավելեց՝ թշնամին հետ քաշվելու մասին որևէ բան չի ասել իրենց․

«Պաշտպանության նախարարությունն է նման հրաման տվել, որ պետք է հետ քաշվենք»։

Անդրադառնալով այն հարցին, թե վարչապետը Սյունիքում խնդիրների մասին վերջնական պատկերացում չկազմեց, որովհետև ճանապարհները փակ էին, Փարսյանն ասաց, որ միևնույնն է՝ հույսերը չեն արդարացրել։

«Սյունիքի հետ կապված մեր հույսերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չարդարացրեց։ Բնականաբար մեր բողոքի ձայն էինք բարձրացնում ճանապարհ փակելով։ Մենք կուզեինք, որ նա գար, մեզ հանդիպեր, նոր գնար, բայց նախընտրեց Սիսիանում հանդիպումներ ունենալ ու Սիսիանից միանգամից գնալ Երևան», – ասաց նա։

Կապանի քաղաքապետն ընդգծեց՝ չի բացառում, որ Սյունիքում վարչապետին աջակցողներ կլինեն, բայց նրանք մեծ մաս չեն կազմում։

Անդրադառնալով Քաջարանի ու Գորիսի քաղաքապետերի հետ կապված միջադեպերին՝ նա ասաց, թե այդ ամենը քաղաքական հետապնդում էր ու քաղաքական պատվեր՝ թույլ ու շինծու փաստերի հիման վրա։

Իսկ երկու տարիների ընթացքում ներկայից իշխանությունների հետ խնդիրների չեն բախվել, աշխատանքը ստացվել է։
«Մեր հիմնական կապը եղել է նախկին մարզպետ Հունան Պողոսյանի հետ, որը ադեկվատ էր»,- ասաց Կապանի համայնքապետը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք խնդիրներ ունեցել են իշխանության ներկայացուցիչների հետ։

Իսկ որքանո՞վ Պողոսյանին հաջողվեց կոտրել մարզում քրեական հեղինակության տարրերի «ողնաշարը», Փարսյանը նշեց, որ դա հերթական արդարացումն էր, թե ինչու նախկիններից մեկին նշանակեցին Սյունիքի մարզպետ։

«Ինչ քրեական, ինչ բան։ Պարոն Պողոսյանն իր հրաժարականի տեքստում բացատրեց, որ չկարողացավ դառը իրականության հետ համակերպվել»,- ասաց Փարսյանը։ Մեկ անգամ էլ կրկնելով, որ՝ փոփոխություններ կլինեն երկրում, իշխանության հրաժարականից հետո․

«Եթե պիտի սպասենք այս իշխանությունների հետ փոփոխությունների, ուրեմն երկար ենք սպասելու»,-եզրափակեց համայնքապետը։

Աղբյուր` Փաստինֆո