Ոչ միայն Փաշինյանը, այլև պատգամավորներն են միջամտում դատական գործերին. «Իրատես»

52

«Իրատես» թերթը գրում է. «Երկուսուկես տարի իշխանական աթոռները զբաղեցնողներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ի վերջո ի՞նչ են ուզում դատական համակարգից: Ամենատարբեր դատական գործերի մասով դատարանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի որոշումներից հետո իշխանության ներկայացուցիչները տարաբնույթ որակումներ են տալիս դատարաններին ու դատավորներին, ընդհուպ՝ դատարանների շրջափակում:Գործընթացն անձամբ Փաշինյանն է գլխավորում՝ դատավորներին «վնգստացողներ», «պատվեր կատարողներ», «նախկիններին սպասարկողներ» անվանելով: «Շեֆի» աչքին բարձրանալու համար թիմի մյուս անդամները, նամանավանդ խորհրդարանական մեծամասնության պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները, դարակազմիկ մտքեր են արտահայտում:

Օրերս լրագրողները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանից մեկնաբանություն խնդրեցին՝ կապված վարչապետի այն հայտարարության հետ, թե նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած միջադեպերը, մասնավորապես, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը ոչ ամբողջական, թերի է քննվում:

Ըստ Փաշինյանի՝ գործում ներգրավված անձինք շատ ավելի պետք է լինեին: Պատգամավորը, որ մինչև խորհրդարան գալը փաստաբանությամբ է զբաղվել (մանդատ ստանալուց հետո որպես փաստաբան նրա լիազորությունները կասեցվել են), պարզվում է՝ վարչապետի հայտարարության մեջ տարօրինակ կամ խնդրահարույց ոչինչ չի նկատել:

Ավելին, հավելում է՝ պետական-իրավական հանձնաժողովի անդամները նույնպես դատավորների հետ պարբերաբար հանդիպումներ են ունենում և դատական տարբեր գործերի մասով քննարկումներ կազմակերպում: Սահմանադրության 162-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է»: Թե ինչքանո՞վ են թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ պատգամավորները միջամտում դատական համակարգի գործունեությանը, «Իրատեսը» մեկնաբանություն խնդրեց փաստաբան Արամ Վարդևանյանից:

«Նիկոլայ Բաղդասարյանին ուղղակի հիշեցնեմ. երբ երիտասարդ դատավորներից մեկին փողոցում վարչապետի խոսքերով դիմեցին՝ ասելով՝ «դուք վնգստացո՞ղ եք, թե՝ ոչ», այդ միջադեպից հետո արդարադատությանը խոչընդոտելու հատկանիշով քրեական գործ հարուցվեց: Բաղդասարյանը թող չմոռանա, որ թեև այժմ քաղաքականությամբ է զբաղվում, բայց իրավաբան է: Լավ կանի նման մտքեր չարտահայտի, այլապես կհիշեցնեմ իր արտահայտած այն միտքը, թե Սահմանադրական դատարանի հանդեպ անօրինական միջամտությունների դեպքում ՍԴ անդամները թող վարչական դատարան դիմեն»,- նշեց Վարդևանյանը»: