Հերքում. Փաշինյանը չի հանձնարարել հանձնել ադրբեջանցի մարդասպաններին. դիվերսանտներն իրենք են «արտահանձնվել»

93

ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է դեկտեմբերի 23–ին NEWS.am կայքում հրապարակված «Ովքե՞ր են կանգնած «ռամիլսաֆարովներին» հանձնելու խայտառակ գործարքի հետևում. ուշագրավ փաստեր» վերադառությամբ հոդվածին՝ պահանջելով հերքել «ապատեղակատվություն» պարունակող հրապարակումը։ Նախարարությունը հերքմամբ, ըստ էության, հաստատել է NEWS.am–ի այն տեղեկությունը, որ Ադրբեջանի օգտին լրտեսություն, ազգային ատելության շարժառիթով Քարվաճառում սպանություններ և այլ ծանր հանցագործություններ կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի նկատմամբ 2014թ. դեկտեմբերի 29-ի դատավճիռը լեգիտիմացրել է, այլ կերպ ասած՝ ճանաչել է ՀՀ իրավասու դատարանը։

«ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ իրավասու դատարան է ներկայացրել Ստեփանակերտ քաղաքի դատարանի կողմից կայացված դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու և կատարելու վերաբերյալ միջնորդություն։ ՀՀ դատարանի որոշմամբ ճանաչված վճիռը, սակայն, հնարավոր չի եղել կատարել…»,–ասված է մեզ ուղղված հերքման տեքստում։ Ասել է թե, ՀՀ արդարադատության նախարարությունն իրականացրել է ադրբեջանցի դիվերսանտների հանձնման գործընթացի նախապատրաստական փուլերից մեկը։

Անդրադառնալով հրապարակման մեջ տեղ գտած այն ձևակերպմանը, թե «․․․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ադրբեջանցի դիվերսանտների հանձնման գործընթացի «թղթաբանությունն» իրականացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․․․», նախարարությունից պարզաբանել են. «ՀՀ վարչապետի կողմից նման հանձնարարական չի եղել և ևս մեկ անգամ պարզաբանում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ, որևէ առնչություն չի ունեցել ադրբեջանցի դատապարտյալներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովին Արցախի Հանրապետությունից Ադրբեջան փոխանցելու գործընթացի հետ»։

Նշենք, որ բացի արդարադատության նախարարությունից, Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի Ադրբեջանին հանձնելու  գործընթացի հետ իրենց առնչությունը հերքել են նաև ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։  Հարկ է նկատել, որ Արցախի Հանրապետությունը, լինելով միջազգայնորեն չճանաչված պետություն, չհանդիսանալով «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպայի Խորհրդի 1983թ. կոնվենցիան ստորագրած պետություն, Ադրբեջանի հետ չունենալով դատապարտյալների հանձնման մասին որևէ համաձայնագիր, որևէ իրավասություն չուներ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված Ադրբեջանի երկու քաղաքացիներին արտահանձնել Ադրբեջանին։ Նման իրավիճակում մնում է ենթադրել, որ ադրբեջանցի մարդասպանները առանց ՀՀ և Արցախի իրավասու մարմինների գիտության,  ինքնուրույն բացել են քրեակատարողական հիմնարկի դռները, նստել ինքնաթիռն ու Երևանից մեկնել Բաքու, ասել է թե՝  ինքնուրույն «արտահանձնվել» են Ադրբեջանին։

Հ. Գ. «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի հիմքով՝ հրապարակում ենք հերքման տեքստն ամբողջությամբ.

«2020 թվականի դեկտեմբերի 23-ին News.am կայքում տեղ է գտել «Ովքե՞ր են կանգնած «ռամիլսաֆարովներին» հանձնելու խայտառակ գործարքի հետևում. ուշագրավ փաստեր» խորագրով ապատեղակատվություն պարունակող հրապարակում, որի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, պահանջում է հերքում։

Մասնավորապես, հոդվածագիրը պնդել է, թե «․․․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ադրբեջանցի դիվերսանտների հանձնման գործընթացի «թղթաբանությունն» իրականացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․․․»։

Իրականությանը չհամապատասխանող այս պնդման առնչությամբ հայտարարում ենք, որ ՀՀ վարչապետի կողմից նման հանձնարարական չի եղել և ևս մեկ անգամ պարզաբանում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ, որևէ առնչություն չի ունեցել ադրբեջանցի դատապարտյալներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովին Արցախի Հանրապետությունից Ադրբեջան փոխանցելու գործընթացի հետ։

Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը դեկտեմբերի 14-ին դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն՝ Արցախի դատավճռի հիման վրա և Արցախում պատիժ կրող նշված դատապարտյալներին Արցախից ՀՀ տեղափոխելու և ՀՀ-ում պատիժը կրելու վերաբերյալ, ինչի հիման վրա էլ ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ իրավասու դատարան է ներկայացրել Ստեփանակերտ քաղաքի դատարանի կողմից կայացված դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու և կատարելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ դատարանի որոշմամբ ճանաչված վճիռը, սակայն, հնարավոր չի եղել կատարել, այն է՝ նշված անձինք ՀՀ-ում պատիժը կրելու նպատակով Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն չեն տեղափոխվել»։