Կա՛մ հեռացեք, կա՛մ ստացեք պատերազմ. Հաֆթարը Թուրքիային սպառնացել է պատերազմով

84

Թուրքիան պետք է հրաժարվի գաղութային պատրանքներից, նա կա՛մ խաղաղ կհեռանա Լիբիայից, կա՛մ պատերազմ կստանա. ասել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Հալիֆա Հաֆթարը դեկտեմբերի 24-ին նշվող երկրի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Լիբիա 24» հեռուստաալիքը: «Օկուպանտին և թշնամուն այլ ելք չի մնում, քան Լիբիան խաղաղ ու կամավոր լքելը, այլապես նա կկանգնի զենքի և ուժեղ կամքի առջև»,- ասել է Հաֆթարը:

Մինչև 1911 թվական Լիբիան Օսմանյան կայսրության մաս էր, մինչև 1942 թվականը՝ իտալական գաղութ, 1943 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն գրավվեց Անգլիայի և Ֆրանսիայի կողմից, իսկ մինչև 1951 թվականին ձեռք բերեց անկախ պետության կարգավիճակ:

«Անկախությունն արժեք չունի, քանի դեռ թուրքական բանակը գրավում է մեր հայրենիքի մի մասը,- ասել է Հաֆթարը:- Ագրեսորը չի դադարում վարձկաններ ու տարբեր տեսակի զենքեր ուղարկել, պատերազմ հայտարարել լիբիացիներին՝ անտեսելով մեր երկրի կամքը, և թերագնահատել մարդկային արժեքները: Եթե առաջին կրակոցն ես արձակում, պատրաստ եղիր հաստատ մահվան»։

«Գաղութարարի ստվերում խաղաղություն չկա, և մեր երկրում նրա ներկայության շարունակմամբ մենք զենք կվերցնենք, որպեսզի հաստատենք այս խաղաղությունը մեր ձեռքերով և մեր ազատ կամքով», – ասել է նա: «Ավարտվեց ձեր (թուրքական) գաղութային պատրանքների դարաշրջանը, և դուք պետք է ընտրեք՝ հեռանալ կամ պատերազմ ստանալ»:

Հիշեցնենք, որ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, որի դեմ պայքարում է Հաֆթարը, ունի Թուրքիայի աջակցությունը: Եգիպտոսը հայտարարել է, որ պատրաստ է զորք ուղարկել Լիբիա՝ ԼԱԲ-ին աջակցելու համար:

Yerkir.am