«Իմ քայլը» հիմնադրամը մերժվեց Ստեփանակերտում․ տեղադրված տոնածառն և տաղավարներն ապամոնտաժվում են

167

«Իմ քայլը» հիմնադրամը մերժվեց Ստեփանակերտում:

Երեկ երեկոյան սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածվեց, որ «Վալլեքս Գարդեն» հյուրանոցի տարածքում դեկտեմբերի 26-27-ին կազմակերպվելու է ամանորյա տոնական հանդես: Լուրը դժգոհությունների տեղիք տվեց Արցախի հասարակության շրջանում, հատկապես, երբ տեղեկատվություն տարածվեց, որ այն կազմակերպում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամը: Քաղաքացիները կոչ արեցին բոյկոտել նախատեսվող միջոցառումը:

Դեկտեմբերի 25-ի առավոտյան արդեն տարածքում սկսվել են տեղադրված տոնածառի և տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ:

Ապամոտնաժման աշխատանքներին հետևում է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: «Ապառաժ»-ի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետը նշել է, որ ժողովրդի դժգոհության ալիքի պատճառով առաջարկել են չեղարկել միջոցառումը: Դավիթ Սարգսյանը ավելացրել է, որ կազմակերպվող միջոցառման մասին քաղաքապետարանը տեղյակ չէր:

«Վալլեքս Գարդեն» հյուրանոցի անվտանգության պետ Վազգեն Մուսայելյանը տեղեկացրել է, որ հյուրանոցի տնօրինությունը տեղյակ չէր միջոցառման բնույթի մասին: Նրա խոսքով՝ երկու օր առաջ են սկսվել աշխատանքները, հյուրանոցի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերել ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի օգնականը:

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն էլ «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է, որ «Վալլեքս Գարդեն»-ի բակում ամանորյա մանկական միջոցառման լուսանկարման համար իր հետ կապվել են կազմակերպիչները, որոնցից նա տեղեկացել է, որ այն իրագործվում է Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամի կողմից: Դավիթը մերծել է լուսանկարելու առաջարկը: «Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26-ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին:
Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ:
Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Ղահրամանյանը:

Երկիր Մեդիա