«Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոնի» տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու քրգործն ուղարկվել է Դատախազություն

58

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու եւ ՊՈԱԿ-ին պատկանող ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Պ.-ն, Ա.Ս.-ն եւ Ա.Խ.-ն 2020թ. ապրիլի 2-ին Երեւան քաղաքի Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, խմբի կազմում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի նկատմամբ բռնություն են գործադրել եւ վնասել ՊՈԱԿ-ին պատկանող «NISSAN SENTRA» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքից հետո Ա.Պ.-ի հոր ընկերը, տեղեկանալով, որ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ընկերոջ որդին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, վրեժխնդիր լինելու նպատակով, դիտավորությամբ վնասել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող եւ հիշյալ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից շահագործվող նույն «NISSAN SENTRA» մակնիշի ավտոմեքենան:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Պ.-ին, Ա.Ս.-ին եւ Ա.Խ.-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա.Պ.-ի հոր ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու նպատակով:

Yerkir.am