Տունս, հորս գերեզմանը մնացել են գյուղում, որը հիմա թուրքի ձեռքում է, ամեն կիրակի գնում էի գերեզման՝ հետը զրուցում էի, հիմա ի՞նչ անեմ. Ավետարանոց գյուղի բնակիչ

164

Արցախի Ավետարանոց գյուղից եմ, որը հիմա թուրքի ձեռքն է, իմ տունը մնացել է այնտեղ. Tert.am–ին պատմել է Ավետարանոց գյուղի բնակիչը, որը  ժամանակավոր  բնակվում է Ստեփանակերտ քաղաքում:

«Մասնակցել եմ Արցախի առաջին կռվին: Երկու տղաներս էլ կռվել են այս պատերազմում, ես էլ եղել եմ «ՄՈԲ» ում: Գյուղի ավտոբուսն էի քշում, ավտոս մնացել է գյուղում, չեմ կարողանում  բերել, ո՞վ էր պատկերացնում, որ պետք է Ստեփանակերտը թողնեն, գան վերջին գյուղը վերցնեն: Մեր գյուղը պատմության մեջ առաջին անգամն է, որ թուրք է մտնում, նույնիսկ սովետի ժամանակ այդտեղ թուրք չի ապրել, ծախած է, թե պայմանավորված է, ես չգիտեմ»,- նշել է  բնակիչը:

Հարցին, թե տան խնդրի հարցով պետությունն զբաղվո՞ւմ է, թե ոչ, Ավետարանոցի բնակիչը նշեց. «Իսկ պետություն կա՞, որ զբաղվի, օգնություն են տվել, ասում են՝  տուն ճարեք, մենք փողը կտանք, տունը մանդարին, ապելսին չի, որ ճարեմ, հիմա ո՞նց ես տուն ճարեմ: Տանը ապրում էինք 11 հոգով՝  2 տղա, 2 հարս, ամենքը 2 երեխա ունեին, ես էի, կինս մեկ էլ մայրս: Աղջիկս 10 տարի աշխատել է Շուշիի դպրոցում, կինս եղել է մեր գյուղի բուժքույրը»:

Բնակչի խոսքով ՝ ընտանիքի անդամների մի մասն այժմ բնակվում են Ծաղկաձորում, Սիսիանում։ Նա ցավով նշում է, որ տան իրերը չի կարողացել տեղափոխել. «Տան ապրանքը մնացել է, հորս գերեզմանը մնացել է մեր գյուղում, ինձ մենակ գերեզմանն է հետաքրքրում, չենք կարողանում դիմանալ, տուն էլ կսարքենք, ուրիշ տեղ կապրենք, բայց հորս գերեզմանը մնացել է ամենից դժվարը հենց դա է: Ես ամեն կիրակի գնում  էի գերեզման՝ հետը զրուցում էի, հիմա ինչ անեմ: Հորս ո՞ւր տանեմ, եթե իր տունն այնտեղ է»: