«Հացը մերն է, հողը՝ չծնվածներինը…»

160

Վերջին ամսվա ամեն օրը գիտակից հայության համար մտածելու, կշռադատելու, վերարժևորելու օրեր էին։ Շատ են քննարկվել խայտառակության պատճառներն ու մեղավորները, բայց քիչ է խոսվել այն մասին, թե իրականում ի՞նչ կորցրինք։
Մեր կորուստները չեն կարող չափվել զուտ թվերով ու հեկտարներով, մենք կորցրինք շատ ավելին, քան Արցախի հանրապետության տարածքի 70- 80%-ն է։

Մենք կորցրինք մի ամբողջ սերնդի կորիզ։ Երբ նայում ենք զոհվածների կենսագրությունները, հասկանում ենք, որ ըստ պատերազմի չգրված օրենքի՝ գնացին լավագույնները, ովքեր դեռ պիտի ապրեին հայրենիքում, զարգացնեին հայրենիքը, ծառայեին հայրենիքին։

Մենք կորցրինք մեր հայրենի եզերքը՝ Հադրութը, Շուշին, Ջրականը, Քաշաթաղը, Շահումյանի՝ մեզ մնացած մասը….. Մենք կորցինք երեսուն տարվա համահայկական ջանքերը, որոնք ներդրվել էին այս համայնքների շենացման, դպրոցաշինության, ճանապարհաշինության, հայրենաշինության համար։

Մենք կորցրինք մշակութային արժեքները, որոնք մեր երբեմնի փառավոր պատմության կենդանի վկաներն էին, որոնք մեր ազգային միասնության խորհրդանիշներ էին։
Մենք կորցրինք մեր բանակը, որը երեսուն տարի շարունակ հաղթում ու ծաղկում էր, որը ազգային պետականության միակ ողնաշարն էր, միակ պահապանն ու վահանը, որը ազգային վերածննդի միակ խորհրդանիշն էր։

Մենք կորցրինք մեր ինքնությունը, որը ձևավորվել էր Արցախյան հաղթանակի արդյունքում, մենք կորցրինք հաղթող լինելու պատիվը, մենք կորցրինք այն հաղթանակը, որը վերջապես մաքրել էր ցեղասպանության ամոթը։
Ու մենք կանգնած ենք պետականության վերջին փշուրների կորստյան վտանգի առաջ։

Սրանք ընդհամենը մի քանի օրինակներ են այն ահռելի կորուստներից, որոնք մենք ունեցանք։ Մենք հավերժ պարտք մնացինք ապագա սերունդներին, մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ Շուշին ու Հադրութն արժանան Անիի, Կարսի, Վանի ճակատագրին, մենք պիտի մեր երեխաներին որպես ժառանգություն՝ հանձնենք ոչ թե հայրենիքի կարոտը, հայրենիք ունենալու երազանքը, այլ հենց հայրենիքը։ Որովհետև մենք պարտավոր ենք մեր ստացածը սրբորեն փոխանցել չծնվածներին, որովհետև ինչպես մեծ գրող Գալշոյանն է ասել՝ «Հացը մերն է, հողը՝ չծվածներինը»։