Հանցանք կատարած ոչ մի անձ անպատիժ չի մնալու. Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը

144

Հայրենիքի փրկության շարժումը բազմիցս հորդորել և կոչ է արել ՀՀ ոստիկանությանը զերծ մնալ ապօրինություններից, բացառել անհամաչափ և բիրտ ֆիզիկական ուժի կիրառումը, չիրականացնել ապօրինի ձերբակալություններ։

Առերևույթ իշխանազանցության և բազում այլ ոճրագործությունների հետևանքով երկիրն օրհասական վիճակի հասցրած, սահմանադրական կարգը խարխլելուն միտված, ողջ իրավապահ և ուժային կառույցները կատարյալ ճգնաժամի մեջ ներքաշած իշխանությունների հետագա ապազգային, լրջագույն վտանգներով ուղեկցվող գործընթացների կանխարգելմանն ուղղված խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ցանկացած ոտնձգություն մարտահրավեր է սեփական պետականության և ազգի գոյապահպանության դեմ։

Մինչդեռ վերջին օրերին ՀՀ ոստիկանության տարբեր աշխատակիցների կողմից մի շարք դրվագներով իրականացվում են ապօրինություններ, որի հետևանքով ՀՀ քաղաքացիների առողջությանը պատճառվում են տարբեր աստիճանի վնասվածքներ, ապօրինաբար խոչընդոտվում է քաղաքացիների՝ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը, և վերջիններս ակնհայտ անհիմն կերպով ենթարկվում են վարչական ձերբակալման:

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը, հավատարիմ մնալով իրավական պետության իր անբեկանելի տեսլականին և օրինականության սահմանադրական սկզբունքին, վաղը ևեթ իրավասու մարմիններին է հանձնելու այն բոլոր հանցագործությունների մասին հաղորդումները, որոնք իրականացվել են ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ:

Ոստիկանության Սահմանադրական պարտքն է պաշտպանել ՀՀ քաղաքացիներին հանցագործներից, այլ ոչ թե իշխանությունների կամայականություններին հագուրդ տալու նպատակով հանցանք կատարել մարդու և քաղաքացու նկատմամբ:

Հանցանք կատարած ոչ մի անձ անպատիժ չի մնալու։

Հայրենիքի փրկության շարժում

Yerkir.am