Գլխավոր դատախազն անհապաղ պետք է քրեական հետապնդում հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, իր անգործությամբ նա նպաստում է քաղաքացիական բախումներին. Կիմ Բալայան

120

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ մարդու իրավունքների հարցերին և ռազմական կարգավորումներին վերաբերող միջազգային պայմանագրերը նախ պետք է քննարկվեն կառավարությունում, լիազոր պաշտոնատար անձը պետք է ստորագրի այն ՀՀ-ի անունից, ապա նույն այդ կառավարությունը դրան պիտի հավանություն տա, ուղարկի Սահմանադրական դատարան, վերջում միայն՝ խորհրդարան՝ վավերացման․ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի դեպքում այս ընթացակարգերից որևէ մեկը չի պահպանվել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ՍԴ նախկին անդամ, Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Կիմ Բալայանը:

«Հայաստանի տարածքային հարցերը պետք է հանրաքվեով լուծվեն։ Սահմանադրական դատարանը չէր կարող այս փաստաթղթին դրական եզրակացություն տալ։ Ռուսական խաղաղապահ զորքը կարող էր մտնել նաև առանց այս պայմանագրի, օրինակ՝ հայ-ռուսական երկկողմ փաստաթղթերի հիման վրա։ Թուրքիայի և Ադրբեջանի նման տոտալիտար երկրներն օրենքի տառը պահպանեցին, իրենց Մեջլիսներում դա հաստատեցին, մենք ոտնահարեցինք Սահմանադրությունը»,- ասել է քաղաքական գործիչը:                                    

Ըստ Բալայանի՝ Փաշինյանին կարելի է Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ ներկայացնել. «Փաշինյանն ասում էր, որ չի կարող բանակցել Արցախի հարցով, քանի որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ։ Ինչպե՞ս եղավ, որ նա Արցախի տարածքները հանձնելու մանդատ ստացավ, ումի՞ց ստացավ։ Այսքան զոհեր տալը դավաճանի պիտակն իր վրայից հանո՞ւմ է։ Նրա անգործությունը շատ ծանր է նստում մեզ վրա։ Պատերազմի ավարտից մեկ ամիս անց միայն սկսեցին զբաղվել անհետ կորածների խնդրով, պարզվեց՝ այսքան ժամանակ այդ տղաները թաքնվել են անտառներում»:

ՍԴ նախկին անդամի կարծիքով՝ Փաշինյանի անփութության պատճառով 18-20 տարեկան տղաները մսաղացի տակ են ընկել, պատերազմից վերադարձածները սարսափելի հոգեվիճակում են. «Միջազգային պայմանագրերում պետք է կողմերի իրավահավասարություն լինի։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանցի փախստականները վերադառնում են իրենց տները, իսկ Քարվաճառից տեղահանվածները՝ ոչ։ Այդ մարդկանց մի քանի ժամ են տվել տներն ազատելու համար։ Չայլու գյուղում մարդիկ իրենց ձեռքով ապամոնտաժել են պատերազմի զոհերի հուշարձանը։ Ոչ միայն մարդկային կյանքեր, այլև հոգեբանություն է խեղվել։ Ո՞ր մեղքի համար մարդը պետք է իր կյանքում մի քանի տուն կորցնի»:

Կիմ Բալայանի պնդմամբ՝ առերևույթ հանցագործության փաստերն ակնհայտ են, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վաղուց պետք է քրեական գործ հարուցվեր. «Որքան շուտ գլխավոր դատախազը քրեական հետապնդում հարուցի վարչապետի նկատմամբ և քննություն իրականացնի, այնքան լավ, իր անգործությամբ նա նպաստում է ամբողջ ազգի հուսալքմանը և բարոյազրկմանը, դրանով դրդում է քաղաքացիական բախումների, ինչը ձեռնտու է միայն իշխանությանը»:

Նախկին պատգամավորի պնդմամբ՝ եթե գլխավոր դատախազը, ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն իրենց տեղում լինեին, Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցն արդեն լուծված կլիներ: «Սա ամենաուղիղ ճանապարհն է, հասարակությունը բախումների չէր գնա, կապահովվեր Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, անմեղության կանխավարկածը, և նրա լիազորություններն այդ ընթացքում կկասեցվեին»,- ամփոփել է Կիմ Բալայանը:

Tert.am