Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորմամբ դիսկուրսը

196

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը, –

Խիստ մտահոգիչ է, որ իշխանության մարմիններն ու պաշտոնյաները, քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, իրենց հրապարակային խոսքով նպաստում են անհանդուրժողականության խորացմանն ու լարվածության ավելացմանը:

Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորմամբ դիսկուրսը, որն, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է: Նույն սկզբունքով անթույլատրելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով հասարակությանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու նույնիսկ դրա խրախուսումը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տևական ու թիրախային դիտարկումները վկայում են, որ այս անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն, որ գործում են թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակների աջակցող սոցիալական ցանցերի (հատկապես՝ «Ֆեյսբուք») կեղծ էջեր և կեղծ օգտահաշիվներ, որոնք կազմակերպված ու նպատակային հարձակումներ են իրականացնում իրար դեմ: Արդյունքում ստացվել է այնպես, որ սոցիալական մեդիայի հայկական ողջ տիրույթը հեղեղվել է հայհոյախառն վիրավորանքներով, միմյանց ուղղված սպառնալիքներով ու ատելության խոսքով` հիմնովին ոտնահարելով մարդու իրավունքների համակարգի պահանջները:

Սա որևէ տեղ չտանող ճանապարհ է, որ լի է վտանգներով, այն ավերում է մեր երկրի ժողովդավարական արժեքները, մարդու իրավունքերի համակարգի տարիների ձեռքբերումները: Հասարակական-քաղաքական համակարգը պետք է մշտապես հիմքում ունենա մարդու իրավունքները՝ որպես ունիվերսալ բարձր արժեքներ և ղեկավարվի այդ իրավունքների, այդ թվում՝ այլոց կարծիքի նկատմամբ հարգանքի սկզբունքով:

Հ.Գ. Ընդամենը երեկ եմ այս թեմայով ավելի ծավալուն գրառում կատարել, սակայն, հաշվի առնելով շարունակվող նույն մտահոգիչ զարգացումները, կրկին հորդորում եմ համերաշխության ու համախմբվածության, ուղղակի հրամայական պահանջ է դարձել հարգանքը մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների նկատմամբ: