Վարձկան ահաբեկիչներին հանձնե՞լ եք, դուք ապո՞ւշ եք

345

Դեռեւս պատերազմն ընթանում էր, մեր լրատվամիջոցներով մեծագույն ուշադրությամբ հետեւում էի արաբ երկու վարձկանների հարցաքննություններին, որոնք խոստովանություն էին տալիս, արաբերենով անշուշտ, իրենց վարձկանական կյանքի, Թուրքիայում հավատարմագրված լինելու, Արցախյան ճակատ ուղարկվելու, իրենց խոստացված գումարների եւայլնի մասին: Եվ այդ օրերին էր, որ azgonline-ով հորդորում էի, զգուշացնում, որ գալու է գերիների փոխանակման օրը եւ հարկավոր է դրանց, ադրբեջանական փողով Թուրքիայի վարձած այդ արարածներին, մի լա՜վ հարցաքննել Սիրիայից հրավիրված քննիչների օգնությամբ, տեսնելու թե նրանք ոճրային ի՜նչ արարքներ են գործել նախապես, ո՞ւմ են սպանել, ո՞ւմ փողերն են հափշտակել, ուրիշ էլ որտե՞ղ են «աշխատել», եւ ո՞ր սիրիահայի են առեւանգել կամ մորթել…

Նրանք, այդ վարձկանները, անշուշտ չունեին ո՛չ Ադրբեջանի եւ ոչ էլ Թուրքիայի քաղաքացիություն: Հետեւաբար, գրում էի, չէինք կարող նրանց հանձնել այդ երկու երկրներից որեւէ մեկին եւ, վստահ եմ, Ադրբեջանն էլ չէր կարող նրանց պահանջել որպես իր զինվորների: Միակ երկիրը, որը կարող էր չմերժել նրանց, Սիրիան էր, որի քաղաքացիներն են: Ուստի, հանգիստ կարելի էր ու պետք էր նրանց հանձնել Սիրիայի օրինականՙ Բաշար Ասադի իշխանությանը, նրա հատուկ ծառայությանըՙ «Մուխաբարաթ»ին: Այնտեղ նրանց այնպես կմշակեին, որ Մեզզեի բանտախցից ի վիճակի չէին լինի այլեւս գլուխը դուրս հանել:

Եվ կամ նրանց կարելի էր հանձնել Մ. Նահանգներին, որպեսզի տանեն «Կուանտանամո», ահաբեկիչների օֆշորային արգելոցը, ուր աֆղան, սաուդցի, սիրիացի, սոմալցի, լիբիացի ահաբեկիչների հետ նրանք ցմահ կհագնեին նարնջագույն կամ գազարագույն արտահագուստներ: Ամերիկացիք կհրաժարվեի՞ն նախկինում իրենց ստեղծած այդ վարձված ահաբեկիչներից: O.K., այդ պարագայում կարելի էր նրանց հանձնել միջազգային դատարան: ՉԷ՞ որ Հայաստանն ստորագրել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կոնվենցիան: Սորոսականներին հետաքրքրում են միայն Լազարոտեի՞, միայն ստամբուլյա՞ն կոնվենցիաների ճշգրիտ կիրառումը մեր երկրում: Բա մարդկության ու մարդկայնության դեմ պայքա՞րը:

Մինչդեռ մեր համապատասխան իշխանությունները, ինչպես տեղեկացա մամուլից, նրանց Ադրբեջանին են հանձնել մեր գերիների դիմաց: Դա անարգանք չէ՞ փոխանակված մեր գերեվարվածների համար նաեւ: Գոնե, արտահանձնելուց առաջ մերոնք այդ վարձկանների ճակատին դաջե՞լ են աղվեսադրոշմ, որպեսզի բոլորն իմանան, որ նրանք ահաբեկիչներ են:

Ոչինչ չե՞ք արել, սաղ-սալամաթ նրանց տո՞ւն եք ուղարկել: Դուք ապո՞ւշ եք:
Հ.Ա.