Եթե նա եւս երկու ամիս մնա, ոչ ոք չի գա վարչապետ աշխատելու, քանի որ այլեւս ղեկավարելու բան չի մնա․ Ի․Սաղաթելյան

177

Եղանակային այս պայմաններում մեր քաղաքացիներն արձագանքեցին մեր կոչին, շուրջ 8 ժամ ներկա  եղան Հանրապետության հրապարակում, օրը գնահատում եմ հաջողված, մեզ միացան բազմաթիվ պաշտոնյաներ, սպաներ, մենք գիշերելու ենք հրապարակում, վաղը առավոտից վերսկսելու ենք անհնազանդության ակցիաները, վաղը ժամը 16-ին բոլորին հրավիրում ենք հանրահավաքի Հանրապետության հրապարակում։ Ամփոփելով համազգային գործադուլի ու դասադուլի, անհնազանդության ակցիաներով հագեցած օրը հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Փաշինյանն այլ տարբերակ չունի, եթե նրան թվում է, որ կարող է մեր հայրենիքի 70 տոկոսը դավաճանությամբ հանձնել թշնամուն, ունենանք 5 հազար հոգու կորուստ, պղծի Եռաբլուրը, Եկեղեցին, երկիրը տանի տնտեսական, սոցիալական կոլապսի, ՀՀ քաղաքացին էլ պետք է հանդուրժի նրան՝ նա շատ սխալ հաշվարկ է արել։ Նիկոլ Փաշինյանը չունի որեւէ իշխանություն, նրա հրաժարականը պահանջում են ՀՀ նախագահը, երկու կաթողիկոսները, բուհերը, գեներալիտետը, ամբողջ երկիրը։ Նա մնացել է իր ֆեյքերի հույսին։ Այսօր Նիկոլ Փաշինյանն ունի 2 խումբ աջակիցներ․ որոնց կազմակերպում է ցանցերում տպավորություն ստեղծելու եւ մի խումբ արկածախնդիրներ, նեղ կուսակցական շրջանակ։ Ես հույս ունեմ, որ «Իմ քայլը» խմբակցությունում դեռ կան գիտակից մարդիկ, նրանք չեն կարող մտնել այս պատասխանատվության տակ։ Այս մարդն ամեն օր կործանում է մեր երկիրը, ստորացուցիչ պայմանագիրը կնքելուց անցել է 42 օր, խաղաղ ժամանակներում հանձնել է 4 բնակավայր, փաստաթղթում դրանց մասին ոչինչ չկա, տվեց Սյունիքի համար կարեւոր նշանակության 2 գյուղ, Գորիս-Կապան ճանապարհը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, վաղը տալու է տարածքներ Տավուշից ու Վայոց ձորից։ Այս մարդը եկել է ժողովրդին պատժելու համար, հիմա ի՞նչ եք կարծում, այս ժողովուրդը հանդուրժելու է՞ այս ամենը։ Չի հանդուրժելու։ Հանուն մեր երկրի՝ պետք է քշենք այս հրեշին։ Եթե եւս երկու ամիս նա մնա իշխանության, ում էլ տաս՝ իշխանությունը չի վերցնի։ Ում խնդրես՝ չի գա այս շենքում վարչապետ աշխատելու, որովհետեւ ղեկավարելու այլեւս բան չի մնալու։ Այս ոստիկանները, որոնք պաշտպանում են նրան, 2 ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, թոշակ չի վճարվելու, այս երկիրը չունի վստահություն, ներդրումներ չեն լինելու, բոլորը մտածում են արտագաղթելու մասին, ավելի ասեմ, զորակոչ չի լինելու, որովհետեւ այս մարդուն չեն վստահում», ասել է Ի․Սաղաթելյանը։

News.am