Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1 ծառ» բանաձևով

196

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակներում մեկնարկում է «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավն Արցախի անտառներին և էկոհամակարգերին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ծառերն աճեցվելու են FPWC կողմից ստեղծված հատուկ տնկարանում, որտեղ կիրառվում է «թիրախային տնկման հայեցակարգ» (TCP) մեթոդը։ 

Աճեցման գործընթացը նախատեսվում է մեկնարկել 2021 թվականի մարտ ամսից, իսկ արդեն հոկտեմբեր ամսին բույսերը պատրաստ կլինեն տնկման համար ընտրված վայրերում։ Տնկման շրջանը սկսվում է հոկտեմբեր ամսվա կեսից և ձգվում է մինչև նոյեմբերի վերջ, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև եղանակային պայմանները, ինչից կախված տնկման աշխատանքները միգուցե հնարավոր լինի իրականացնել նաև ձմռան ամիսներին։ 

Հիմնադրամը մշտապես հետևողական է կատարած աշխատանքի արդյունավետության նկատմամբ ու առաջնորդվելով այս գաղափարախոսությամբ և իրականացնելու համար տնկված ծառերի հետագա խնամքը՝ FPWC համագործակցում է «Արցախի բնության հիմնադրամի» (ANF) հետ, որն Արցախում առաջին բնապահպանական ՀԿ-ն է։ «Արցախի բնության հիմնադրամը» ստեղծվել է տարածաշրջանի եզակի բնական ժառանգությունը և կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով: Հիմնադրամն առաջին կազմակերպությունն է Արցախում, որը միջազգային աջակցություն է ստացել Ժնևում գործող «Franklinia» ֆոնդի կողմից։ Ժնևը ճանաչել է Արցախը և աջակցել է դրա յուրահատուկ և եզակի անտառների պահպանման նախաձեռնությանը 2019 թվականին։

FPWC և ANF նախատեսում են հետևել ծառերի բնական աճին պայմանականորեն 5 տարի շարունակ։ Հետագա խնամքը ներառում է ոռոգման իրականացում ամռան ամիսներին, պահպանություն անտառապահների կողմից, ինչի միջոցով կկանխարգելվի տարածքների օգտագործումը որպես արոտավայրեր և խնամքի այլ եղանակների իրականացում։ Այս տարիների ընթացքում ծառերը կձևավորեն և կունենան կայուն արմատային համակարգ՝ ինքնուրույն աճը հետագայում շարունակելու համար։  Խնամքի 5 տարի ժամկետն ընտրվել է խուսափելու համար նաև մարդածին բացասական գործոնների ազդեցությունից։ Տեղում պահպանություն իրականացնող անտառապահների շնորհիվ մենք կունենանք անմիջական հսկողություն տնկված տարածքների նկատմամբ, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման հնարավորություն։ 

Այսպիսով, նվիրաբերելով ընդամենը 1 դոլար 1 ծառ տնկելու համար, հնարավոր կլինի Արցախում տնկել և աճեցնել շուրջ 50 000 ծառ։ 

Ընդգծենք, որ TCP մեթոդի հիմքում էնդեմիկ բուսատեսակների սերմերի ընտրության, արտադրության և հետագա վերամշակման գաղափարն է, որը հարմարեցված է կոնկրետ տնկման միջավայրի ֆիզիկական և մորֆոլոգիական բնութագրիչներին։ Նախ, ընտրվում է տեղի էնդեմիկ բուսատեսակի սերմ, սածիլները խնամքով մշակվում են տնկարաններում, այսպիսով հարմարեցվում են այն տարածքին, որտեղ տնկվելու են, իսկ համատեղելով բույսի որակային հատկանիշներն ապահովող այլ հատկությունների հետ, ապահովվում է բարձր կպչողականություն (80-90 տոկոս)։

«Մենք ենք մեր ծառերը» արշավի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև GPS կոորդինատներով տվյալների հավաքագրման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա առավել լայն տեղեկատվության տիրապետել ծառերի աճի գործընթացի մասին և իրականացնել համապատասխան հետազոտություններ։ 

Կարևոր է, որ Արցախի տարածաշրջանը կենսաբազմազանության թեժ կետ է համարվում: Այս անտառներում հանդիպում են ավելի քան 6000 բուսատեսակներ, 153 տեսակ կաթնասուններ և 400 տեսակի թռչուններ։ Այս տեսակներից շատերն ընդգրկված են ՀՀ և ԱՀ կարմիր գրքերում, ինչպես նաև միջազգային IUCN կարմիր ցուցակում որպես վտանգված կամ անհետացող տեսակներ։ 2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից հրահրած լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով մեծապես վնասվել և վտանգվել է Արցախի բացառիկ բնաշխարհը։ Արցախի անտառները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն բնության պահպանության, այլև առաջնային են տեղի բնակչության գոյատևման տեսանկյունից։ 

2020 թվականի լայնածավալ պատերազմական գործողություններից հետո, տարածքների կորստի պատճառով, Արցախի բնակչության համար առաջացել է նոր մարտահրավեր` ջրի սակավության հնարավոր խնդիրը, քանի որ ջրային ռեսուրսների մեծ մասն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Բնականաբար, անտառները ծառայում են որպես ջրի հավաքման, պահեստավորման, զտման և հոսքի բնական համակարգ ՝ առվակների, թաց մարգագետինների և ջրհորների միջոցով: 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ