Ցավ և ափսոսանք ենք հայտնում այսօր Սիսիանի եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված անհարկի շահարկումների և հնչած բռնության կոչերի առնչությամբ. Մակար վարդապետ Հակոբյան

155

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը անդրադարձել է Սիսիանում այսօր տեղի ունեցած միջադեպին:

«Սիրելի՛ հավատացյալներ

Ցավ և ափսոսանք ենք հայտնում այսօր Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ տ․ Պարգև քահանա Զեյնալյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված անհարկի շահարկումների, սադրանքների, ինչպես և հնչած բռնության  կոչերի առնչությամբ։

Այսու հաստատում ենք, որ քահանան, ինչպես և արդեն հայտնել է իր հարցազրույցներում, որևէ արգելք չի հարուցել եկեղեցի վարչապետի այցի առնչությամբ և առավել ևս նրան դուրս չի հրավիրել  եկեղեցուց։

Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կգտնի իր հանգուցալուծումը հանդուրժողության և համերաշխության ոգով։

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վարդապետ Հակոբյան»: