Ներկայացրել եմ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարականի մասին գրավոր դիմում

113

Սիրելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնեմ, որ քիչ առաջ ԱՀ Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարականի մասին գրավոր դիմումս: Նշեմ, որ շարունակում եմ պաշտոնավարել, քանի դեռ մեկշաբաթյա ժամկետում չեմ ներկայացրել երկրորդ դիմումս և Ազգային ժողովի նախագահը հանդես չի եկել հայտարարությամբ:

Հրաժարականս պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով, որին համաձայնվել եմ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից: Թեև շատ դժվար որոշում էր, քանի որ քաջ գիտակցում եմ Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ ու սրտացավ աշխատանքի անհրաժեշտությունը հատկապես այս ժամանակաշրջանում, սակայն, կարծում եմ, նոր պաշտոնում կարող եմ ավելի արդյունավետորեն ծառայեցնել իմ ներուժը Հայրենիքին ու ժողովրդին՝ անմիջական կերպով մասնակցելով առկա ճգնաժամի հաղթահարման ջանքերին:

Իմ որոշման մանրամասն հիմքերը, գործունեությանս հակիրճ ամփոփումը և առկա իրավիճակի վերաբերյալ դիտարկումներս կներկայացնեմ ասուլիսով, որը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում, որը ուղիղ եթերով կհեռարձակվի Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsmanի ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով: Արցախում չգտնվող լրագրողները կարող են իրենց հարցերը նախապես նամակով ուղարկել ֆեյսբուքյան էջին՝ մինչև դեկտեմբերի 23-ի ժամը 9:00-ն:

Այս պատասխանատու դիրքը թողնում եմ պարզ ճակատով ու մաքուր խղճով, քանի որ պաշտոնավարման երկու տարվա ընթացքում ներդրել եմ իմ աշխատանքային ու անձնական առավելագույն ներուժը մարդու իրավունքների պաշտպանության և պետության ամրացման գործում: Չկա որևէ դրվագ, որում ես դավաճանած կլինեմ իմ արժեքներին, սկզբունքներին ու առաքելությանը, սակայն նաև ընդունում եմ թույլտրված սխալներս ու բացթողումներս: Ես միշտ եղել եմ բաց ու անկեղծ քաղաքացիների հետ, ուղղախոս ու պահանջկոտ՝ պաշտոնյաների հետ և առաջնորդվել եմ ոչ միայն աջակցելու, այլ նաև չվնասելու սկզբունքներով:

Ինձ ճանաչող անձինք լավ գիտեն, որ մարդկանց ծառայելն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն իմ պարտականությունն է, այլև՝ իմ էությունը:Մանրամասները՝ ասուլիսում, իսկ այժմ կուզեի երախտագիտությունս հայտնել յուրաքանչյուր անձի ու ինստիտուտի, ում հետ անցել եմ այս պատվաբեր ծառայության ճամփան, ով ամենափոքր չափով նպաստել է իմ պարտականությունների իրականացմանն ու իմ ներուժի իրացմանը: Այդ շարքում, բնականաբար, մեծագույն շնորհակալությունս ուղղում եմ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, մի չերևացող կուռ ու փոքրիկ թիմ, առանց որի սրտացավ աշխատանքի՝ պարզապես ոչինչ չէր ստացվի: Ես աներկբայորեն արձանագրում եմ, որ նրանց շնորհիվ Պաշտպանի հաստատությունը անցել է կայացման նշանակալի ճանապարհ: Ի լրումն խաղաղ օրերի աշխատանքների՝ չեմ կարող չառանձնացնել այն անձանց, ում հետ միասին անցանք ողջ պատերազմը, ում աշխատանքներն էին դառնում զեկույցներ ու հայտարարություններ, ովքեր քանիցս մազապուրծ փրկվեցին մահվանից իրենց բարոյական ու աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում. նախ, մեր փոքր թիմից Igor Hayrapetyanը ողջ պատերազմի ընթացքում կանգնած էր Հայրենիքի պաշտպանության առաջնագծում, իսկ դեպարտամենտի ղեկավար Arsen Saragyanի, գործադիր քարտուղար (աշխատակազմի ղեկավար) Gegham G. Stepanyanի, ներգրավված փորձագետ Գուրգեն Ներսիսյանի հետ միասին թիկունքում կատարում էինք մեր փաստահավաք գործունեությունը և միևնույն ժամանակ տարբեր տիպի աջակցություն ցուցաբերում խնդիրների բախվող անձանց, իսկ աղջիկներն աջակցում էին տեղահանվածներին և մի շարք այլ գործառույթներ կատարում Երևանում:

Անշուշտ, շնորհակալ եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Arman Tatoyanին ու իր թիմին մեր աննախադեպ համագործակցության համար, որի շնորհիվ կարողացել ենք լրջագույն արդյունքներ արձանագրել: Շնորհակալ եմ նաև բոլոր անհատական ու ինստիտուցիոնալ աջակիցներին, ինձ վստահող քաղաքացիներին, ովքեր ինձ հետ միասին հավատացել են մեր նպատակներին ու ջանքերին: Վերջում ասեմ, որ ես թողնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, բայց ոչ երբեք մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը. ես իմ էությունից ու արժեքներից երբեք չեմ հրաժարվելու: Այնպես որ ուր էլ լինեմ, ծառայելու եմ, ընդհանուր առմամբ, նույն նպատակներին և նույն սկզբունքներով՝ ավելի ու ավելի բազմապատկված եռանդով և ավելի հղկված հմտություններով, առավել ևս՝ այս ճակատագրական ժամանակաշրջանում: