Մեր մոտ կար մեկ օրակարգ` դա Արցախն էր, մենք տապալել ենք այդ օրակարգը, հիմա մնացել է միայն վրեժը

136

Պետությունը դա այն տարածքն է, որտեղ հաստատվել է բռնություն կիրառելու մենաշնորհ: Հենց որ ինչոր անձ կամ ինչոր մարմին ասում է, որ տվյալ տարածքում մենակ ինքը կարա մարդուն ազատազրկի կամ այլ ձև պատժի, կարելի է ասել, որ կա պետություն: Հետևաբար հենց որ այդ մենաշնորհը խախտվում է, պետությունը փլուզվում է:

Թեպետ Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվել էր 91 թվին, իրական պետությունը կառուցվեց 98-ին, երբ պատիժ կիրառելու սպառնալիքի տակ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կատարեց բյուջեի եկամտային մասը: Դեռ շատ հեռու էինք սահուն աշխատող պետական մեքենա ունենալուց, բայց արդեն հստակ ուրվագծվում էր պետությունը: Էդ հարկերը հավաքելու համար օլիգարխները պիտի հասկանային, որ պատիժը անխուսափելի է ու Քոչարյան-Վ.Սարգսյան-Ս.Սարգսյան եռյակը դա արեց: Սերժը հաշվում էր` ով, ինչքան պիտի տա, Վազգենը զանգում ասում էր, որ մուծվեն, Ռոբերտն էլ էդ ամենը սիստեմավորում էր: Եկամուտների մի մասը ուղղվում էր սոցիալական ծրագրերին, մի մասն էլ պետություն, ասել է թե՝ մենաշնորհ կառուցելուն, այսինքն՝ բանակ, ոստիկանություն, դատախազություն և այլն: Առաջնայինը իհարկե բանակն էր, քանի որ մեր էս տարածքում բռնության մենաշնորհի գլխավոր հավակնորդները դրսից էին:

Կար խնդիր` պետք էր ամուր պահել 1000կմ երկարություն ունեցող հայ-ադրբեջանական շփման գիծ: Դրա համար պահանջվում էր մոտ 50,000 զինվոր ու էդ զինվորներին պահելու ու զինելու բյուջե: Քանի որ 3 միլիոնանոց հայաստանը էդ էլ դժվար ձգեր, հայ-թուրքական սահմանը պահելու մասին խոսք անգամ չէր կարող գնալ, դա պարզապես մաթեմատիկորեն անհնար էր: Միայն հիշյալ 1000 կիլոմետրը պահելու համար շատ մեծ դժվարությամբ էին հավաքվում անհրաժեշտ քանակի ժամկետային ծառայողներ, ու բանակը պահելու համար պետությունը ահռելի գումար էր հատկացնում բյուջեից: Բյուջեի մոտ 20%-ը գնում էր ՊՆ-ի վրա: Որ պատկերացնենք Ֆրանսիան ծախսում է մոտ 5%, իսկ աշխարհի խոշորագույն բանակը ունեցող ԱՄՆ-ն մոտ 10%-ը: Մեր չափ ծախսող աշխարհում չկար: Ու սա պարտադրված ծախս էր, սրանից քիչ ծախսել հնարավոր չէր:

Վերջին պատերազմի արդյունքում մեր շփման գիծը Ադրբեջանի հետ աճել է 30%-ով ու կազմում է արդեն մոտ 1500 կմ: Նույնիսկ եթե հաշվի չառնենք, որ կորցրել ենք առավել շահեկան բնագծերը, այլ զուտ քանակական հաշվարկ տանենք, դա նշանակում է, որ պետություն ունենալու համար մենք պետք է բանակի մարդաքանակը հասցնենք 75,000-ի ու դրա վրա ծախսենք բյուջեի 27%-ը: Մաթեմատիկորեն ոչ առաջինն է հնարավոր, ոչ երկրորդը: Տնտեսապես նման ծախսեր անելը հնարավոր չէ ցանկացած պարագայում, անկախ նրանից, թե ինչքան տաղանդավոր է լինելու կառավարությունը, բոլոր նրանք, ովքեր կպնդեն հակառակը կամ բութ են կամ սրիկա™: Իսկ մարդաբանական առումով մեր բնակչությունը կրճատվում է ու եթե շատ խորը Հյուսիս Կորեական սցենարով չգնանք, երկու սերունդ հետո Հայաստանում մնալու է 1,8 միլիոն բնակչություն, իսկ էս անվտանգության վիճակում դա ավելի շուտ տեղի կունենա: Հետևաբար 75,000-անոց բանակի մասին նույնիսկ երազելն անիմաստ է:

Քանի որ Հայաստանի գոյությունը բխում է Ռուսաստանի շահերից, նրանք ժամանակին համաձայնել էին ստանձնել հայ-թուրքական ու իրանական սահմանների հսկողությունը: Հիմա նրանք ստիպված կլինեն ստանձնել նաև հայ-ադրբեջանական սահմանի հսկողությունը ու անկախ նրանից, թե ինչ իրավական ձևաչափ կունենա այս տարածքը, ըստ էության Հայաստանն էլ գոյություն չի ունենալու: Ոչ մի պետական կարևոր որոշում Հայաստանում չի ընդունվելու, չի էլ կարող ընդունվել:

Էս ամենը ես գրում եմ ի պատասխան մեր` Ադեկվադներիս, և անձամբ իմ հասցեին անընդհատ հնչող խնդրանք-պահանջներին ավելի ակտիվ լինել քաղաքական դաշտում: Հարգելիներս, տվյալ պարագայում քաղաքական դաշտում ավելի ակտիվ լինել, նշանակում է, որ ես պետք է տեղափոխվեմ Մոսկվա, մի պետական գործի փորձեմ տեղավորվել ու սկսեմ ինչով կերպ օգնել պատմական հայրենիքում մնացած մարդկանց, այնպես, ինչպես դա անում էին ժամանակին հայ բոլշևիկները: Սա է դաժան ու ակնհայտ իրողությունը, որ դուք բոլորդ պիտի ընկալեք: Ու երբ որ հորդորում եք մեզ ինչոր քայլերի գնալ, պիտի դրա հետ մեկտեղ նաև հիմնավորեք արդյո՞ք ինչոր բան անելու իմաստ կա… էլ չասեմ, որ ես Մոսկվայում որևէ պաշտոն ոչ կարամ զբաղեցնեմ, ոչ էլ ուզում եմ:

Մեր մոտ կար մեկ օրակարգ` դա Արցախն էր: Մենք տապալել ենք այդ օրակարգը: Հիմա մնացել է միայն վրեժը: Ուրիշ ոչմի բան մեզանից մի ակնկալեք: Կամ ավելի շուտ ինձանից: Լինի դա փողոց փակել, թե ցանկացած այլ գործողություն, դրա հետևում իմ համար միայն վրեժի մոտիվացիա կա, ուրիշ ոչինչ: Ուրիշ ոչմիբան այլևս ինձանից կախված չէ: Ոչ էլ ձեզանց: