«Իմ քայլը»-ի պատգամավորներին մինչև ժամը 18։00-ն ժամանակ են տվել՝ իրավիճակը քննարկելու համար. Գործադուլավորները կգիշերեն հրապարակում՝ վրաններում

163

«Մինչև ժամը 18։00-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ժամանակ ենք տալիս, որպեսզի պատվիրակությունով ներկայանան «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարության հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը»,- այս մասին Կառավարության շենքի դիմաց ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Հաշվի առնելով, որ այս շենքում նստած է մի խելագար դավաճան, մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայանա մեր հետ ստեղծված իրավիճակը քննարկելու։ Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք և վերջին հաշվով խնդիրը լուծվելու է խորհրդարանում, այս պահից սկսած ժամանակը գնում է, սպասում ենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը կներկայանա՝ համատեղ իրավիճակը քննարկելու համար»,- հայտարարեց Սաղաթելյանը։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգողը հույս ունի, որ պատգամավորները ունեն խոհեմություն, հակառակ դեպքում ամբողջապես կիսում են դավաճանի գործած պատասխանատվությունը։

«Դեռ ունեն հումանիտար միջանցք՝ միանալու ժողովրդի պահանջին՝ միասին ելքեր գտնելու համար»,- հավելեց, որ ակնկալիքներ ունեն ոչ միայն իմքայլականներից, նաև պետական համակարգից։

Սաղաթելյանը նշեց, որ մարզերում ևս մայրուղիները փակ են, բազմաթիվ ընկերություններ ու գործարաններ են փակվել։ Շրջափակված են Կառավարության, դատախազության, ԿԳՄՍ նախարարության շենքերը, անհնազանդության բողոքի ակցիաները շարունակվում են։ Պայքարը վճռական է։

Ըստ պատասխանի՝ կպլանավորեն հետագա գործողությունները, առաջիկա ժամերին վրաններ կտեղադրվեն Հանրապետության հրապարակում՝ գիշերելու համար, հինգ ժամից ավելի հրապարակում մնացած քաղաքացիները ժամանակ ունեն մի փոքր տաքանալու, որպեսզի պատրաստվեն գիշերելու։ Փաստինֆո