Առուշ Առուշանյանը դուրս եկավ ՔԿ-ից

424

Քիչ առաջ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը երեկվանից ձերբակալված էր ու գտնվում էր Քննչական կոմիտեում, իր փաստաբան Արմեն Մելքոնյանի հետ դուրս եկավ ՔԿ շենքից:

Առուշանյանը հայտնեց, որ քրեորեն պատժելի որևէ արարք չի գործել, որի համար պետք է պատժվի: Իսկ փաստաբան Արմեն Մելքոնյանն ասաց, որ անհիմն, զավեշտալի մեղադրանքներ են առաջադրվել, օրինակ՝  Առուշանյանի հորը պատկանող տարածքում հատվել են ծառեր՝ պետությանը պատճառելով 100 հազար դրամի վնաս: Ինչ հոդվածներով է մեղադրանքներ առաջադրվել. ոչ ոք չգիտե:  Դատարանը որոշում է կայացրել՝ փաստելով, որ Առուշանյանն ապօրինի հավաք չի կազմակերպել: Հավաքն օրինական է, վարույթ իրականացնող մարմինն ավելորդ շտապողականություն է ցուցաբերել:

Առուշանյանի փաստաբանը մեկ անգամ ևս պնդեց, որ  քաղաքական հետապնդում է իրականացվում իր պաշտպանյալի նկատմամբ:

«Ես վերջին անգամ խոսքս ուղղում եմ վարույթ իրականացնող մարմիններին՝  ձեր նպատակն այն է, որ Գորիսը պաշտպանող զինվորը հիասթափվի՞, երբ  Հայաստանի սահմանները ձևվում  են,  ո՞նց կարելի է Առուշանյանին ձերբակալել, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում: Մի զավեշտալի գործ էլ եք մեջտեղ բերել, որի համար Առուշանյանին մեղադրանք չի առաջադրվել. 7 ամիս առաջ Առուշանյանին կալանավորելու անհրաժեշտություն չկար, հիմա կա՞: Ո՞նց եք նայելու ձեր երեխայի աչքերին, ասելու եք էս հայրենասեր մարդուն է՞լ պատժեցինք, էս տեսակն ուզում եք վերանա: Ինչի՞ եք ուզում հասնել՝ նրան կալանավորելով »,- ավարտեց Արմեն Մելքոնյանը: