Տպագրվել է «Հակոբ Հովնաթանյան» թվայնացված-վերականգնված ֆիլմի նոր ժապավենային տարբերակը

281

Լոնդոնյան  CPC ընկերությունը՝ Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնի ֆինանսավորմամբ տպագրել է Սերգեյ Փարաջանովի երեք ֆիլմերի՝ «Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան) ֆիլմերի վերականգնված տարբերակները 35 մմ ժապավենի վրա: Ըստ պայմանավորվածության, «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի 35 մմ ժապավենի պատճեններից մեկը կպահպանվի Հայաստանի ազգային կինոկենտրոնում։ Ֆիլմի պատճենները կպահպանվեն նաև Նյու Յորքի  Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMa): «Հակոբ Հովնաթանյանը»՝  MoMa-ում ի պահ տրված  հայկական առաջին ֆիլմն է։

Ս․Փարաջանովի երեք ֆիլմերի ժապավենային (35 մմ) պատճենները տպագրելու գաղափարն ամբողջացավ  2020 թ․մարտին՝ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, ՀԲԸՄ Նյու Յորքի կենտրոնի Մշակույթի բաժնի տնօրեն Հայկ Արսենյանի, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի  թանգարանի  (MoMa) Ֆիլմերի բաժնի համակարգող Ջոշ Սիգելի և պրոդյուսեր Դանիել Բըրդի, Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Փարաջանովի էսթետիկ վավերագրությունը՝ նվիրված 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, վերկանգնվել է  Հայաստանի ազգային կինոկենտրոնի և FIXAFILM ընկերության համագործակցության արդյունքում՝ ժամանակակից թվային մեթոդներով ու կանոններով՝ ֆիլմի թվայնացումից մինչև վերականգնված թվային տարբերակի նոր ժապավենային տպագրութունն ու տարածումը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները նույն սկզբունքով փորձելու  են վերականգնել նաև հայկական կինոֆոնդի լավագույն նմուշները։

ՀԳ2018 թ վերականգնված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ,10 րոպե) վավերագրական ֆիլմը այս տարիներին ստացել է ցուցադրության շուրջ երկու տասնյակ հրավերներ աշխարհի հայտնի կինոփառատոներից, կինոինստիտուներից, թանգարաններից, գրադարններից և այլ մշակութային կենտրոններից։ 

Ստորև ներկայացվում է ցանկը

Թելուրիդի միջազգային կինոփառատոն, ԱՄՆ, 2018,  ICA կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն, Լոնդոն, 2018,  BOZAR արվեստի կենտրոն, Բրյուսել, 2018, Ռոտերդամի միջազգային կինոփառատոն, Նիդերլանդներ, 2019,  Pera թանգարան, Ստամբուլ, 2019,  Ազգային պատկերասրահ, Լոնդոն, 2019,  Close Up կենտրոն , Լոնդոն, 2019,  Մոսկվայի Տարկովսկու անվան կինոփառատոն, 2019, Նյու Յորքի Լինկոլնի մշակութային կենտրոն, Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի շրջանակում, 2019, Պորտուգալիայի միջազգային փառատոն Curtas Vila do Conde, 2019, Սլավոնական, արևելաեվրոպական և եվրասիական հետազոտությունների ասոցիացիայի ամենամյա գիտաժողով, Սան Ֆրացիսկո, ԱՄՆ, 2019, Նոր Հորիզոններ միջազգային կինոփառատոն, Լեհաստան, 2020,Վաշինգտոնի ազգային պատկերասրահ, 2020, Հոնգ Կոնգի միջազգային կինոփառատոն, 2020, Կոպենհագենի Cinemateket կինոթատրոն, 2020, Film at Lincoln Center , 2020։