Նիկոլի հաղթակա՜ն մուտքը եռաբլուր

477

Երեւի միայն հռոմեացի զորավարները այդպիսի քայլքով կմտնեին Հռոմ` թշնամուն ջախջախելուց հետո, ինչպես շաբաթ կեսօրին Նիկոլն էր քայլում Իսակովի պողոտայով` դեպի Եռաբլուր։ Նա շրջապատված էր իր հպա՜րտ համհարզներով` խորհրդարանի նախագահով, փոխնախագահով ու մնացածով, որոնք գրոհում էին Եռաբլուր, որտեղ նրանց սպասում էին սեւազգեստ մայրերն ու սգակիր հայրիկները։ Վճռական ու հոխորտ Նիկոլը կրկին գնում էր հաղթելու դուշմաններին, որոնք համարձակվել էին արգելել նրա մուտքը իրենց որդիների գերեզմանատուն։ Ոգեւորված, շա՜տ էին ոգեւորված նաեւ նրա համհարզները, որոնք իրենց առաջնորդի վերջին ու վերջնական հաղթանակն էին ուզում տոնել Եռաբլուրում, որպես փառապսակը Ալիեւի ու Էրդողանի դեմ տարած փառապանծ հաղթանակների։ Նրանք շտապում էին` չնկատել տալով շենքերից իրենց վրա տեղացող անեծքի խոսքերը, կարտոֆիլները, հեռվից լսվող «Նիկոլ, դավաճան» խոսքերը։ Նրանք լսում էին, ինչպես ժողովրդի փողերով սնվող Հ1-ը, միայն հետեւից եկող ուղեկիցների «Նիկոլ, վարչապետ» բղավոցը։

Վերջապես նրանք մտան Եռաբլուր, որն արդեն գրավված էր թեւային անցումով ներխուժած հազարավոր համազգեստավորների եւ անհամազգեստների կողմից։ Դա ռազմատակտիկական այնպիսի գործողություն էր, որը միշտ կմնա ռազմագիտական դասագրքերի մեջ` շարունակելով զարմացնել ոչ միայն ադրբեջանական, այլեւ թուրքական բանակի գեներալներին։ Ո՞վ ասաց, որ Նիկոլը ռազմից ու ռազմագիտությունից ոչինչ չի հասկանում. նա հաղթե՛ց սեւազգեստ մայրերին։ Չէ՞ որ եռօրյա սգի առաջին օրն էր, որն անպայման պետք էր նշանավորվեր հերթական հաղթանակով։

Ավելին, ինչպես մեծ զորավարներն են անում, Նիկոլը ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական հաղթանակն էլ ապահովեց։ Նրան հաջողվեց Եռաբլուր մուտք գործել սգո… ծափահարություններով, աջակիցների հաղթական ժպիտով։ Նրան հաջողվեց ամենագլխավորը` նորից բաժանել արդեն բաժան-բաժան եղած, սեւագույն դուշմաններին եւ սպիտակաթույր յուրայիններին ավելի խորը բաժանումով, այս անգամ` որդի կորցրած եւ որդի չկորցրածների միջեւ։ Երկրորդ հատվածը միշտ իր կողքին նեցուկ է մնալու, քանի որ կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումով, կարծում են, փրկվել են իրենց տղաները։ Նիկոլին հաջողվել է մարդասիրական ու ժողովրդասիրական ստորագրությունը դնել այդ թղթի տակ։ Մի նոր պառակտում` այս անգամ մեռելների ու ողջերի միջեւ, նրանց հարազատների միջեւ. հավիտենական պառակտում։

*          *           *

Պժգալի այդ գրոհի հաղթական ավարտը ինձ հիշեցրեց այն հարբեցող մարդկանց, որոնք փողոցում կամ գինետանը դաժան ծեծ ուտելուց հետո վերադառնում են տուն ու մի լա՜վ ծեծում իրենց կանանց։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ