Հունաստանը սահմանել է 7-օրյա կարանտին Մեծ Բրիտանիայից բոլոր ժամանողների համար

216

Հունաստանի իշխանությունները դեկտեմբերի 21-ից կսահմանեն 7-օրյա կարանտին Մեծ Բրիտանիայից բոլոր ժամանողների համար այդ երկրում բարդ համաճարակաբանական իրավիճակի կապակցությամբ: Այդ մասին կիրակի հայտարարել են երկրի քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դեկտեմբերի 21-ից, ժամը՝ 06:00-ից, կգործի կարանտին Միացյալ Թագավորությունից բոլոր ժամանողների համար եւ կենթադրի 7-օրյա տնային մեկուսացում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Այդ նոր միջոցառումը լրացնում է գոյություն ունեցողները, այսինքն՝ բոլոր ճանապարհորդները պետք է ներկայացնեն մոլեկուլյար անալիզի բացասական պատասխան, որը տրվում է ժամանելուց 72 ժամ անց: Բացի այդ, նրանք պարտավոր են անցնել էքսպրես թեստավորում երկրի ժամանելուն պես»,-նշել են քարտուղարությունից:

Ավելի վաղ Հունաստանի իշխանությունները որոշել էին, որ դեկտեմբերի 18-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 7-ը Հունաստան ժամանող բոլոր մարդիկ պետք է գտնվեն եռօրյա կարանտինում: Նոյեմբերի 7-ից մինչեւ հունվարի 7-ը Հունաստանում գործում է երկրորդ համընդհանուր կարանտինը:

Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտնել էր, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որը կարող է կապված լինել Անգլիայի հարավ-արեւելյան մասում COVID-19-ի տարածման հետ: Նրա խոսքով՝ նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրուսի այդ տեսակը տարածվում է հայտնի շտամերից ավելի արագ: Շաբաթ արտահերթ մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ, նախնական տվյալներով, կորոնավիրուսի նոր տարբերակը կարող է լինել 70 տոսոկով ավելի վարակիչ՝ հավելելով, որ բրիտանացի փորձագետները դեռեւս չեն հայտնաբերել ապացույցներ, որ մուտացված վիրուսը կարող է ավելի մահացու ազդեցություն ունենալ:

Նախօրեին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 67 հազարը, ինչը Եվրոպայում երկրորդ խոշորագույն ցուցանիշն է Իտալիայից հետո: Երկրում վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցում է 2 միլիոնը:

news.am