Էնդի Ռոսլունդ. հայ երգահանը Կորեայից

333

[202004204.jpg] [202004203.jpg]

Էնդի Ռոսլունդը բազմագործիքավորող է, երգահան, «Այ էֆ» մրցանակի եռակի դափնեկիր գովազդի հնչյունային ձեւավորման համար, երաժշտության դասախոս եւ երաժշտական տնօրեն: Նա ծնվել եւ մեծացել է Լոս Անջելեսումՙ շվեդ-ամերիկացի հոր եւ ամերիկահայ մոր (Կոստանդյան) ընտանիքում: 1992 թվականից ապրում է Հարավային Կորեայում, 1998-ին Կորեայի Յոնսեյ համալսարանում ավարտել է բակալավրիատը «երաժշտական հորինում» մասնագիտությամբ: 2011-ից նա «Սանգվա կոնվերգենտ մեդիա» արտադրության ընկերության երաժշտական տնօրենն է: Էնդի Ռոսլունդն ամուսնացած է կորեուհի Նակյանգ Կիմի հետ, որը որպես երգչուհի մասնակցել է նրա մի քանի փոփ երաժշտական նախագծերին…

Սիրելի Էնդի, դու Կորեայում ապրում ես 28 տարի: Ինչպիսի՞ն է արեւմուտքցու համար այդ երկրում ապրելու եւ ստեղծագործելու փորձառությունը:

– Շատ դժվար, բայց նաեւ շատ հրաշալի: Լինելով հարուստ, բայց շատ դժվարին պատմություն ունեցող փոքր երկիր (հատկապես 20-րդ դարում)ՙ Հարավային Կորեան հաճախ է անտեսվում: Այստեղ Արեւմուտքը գրեթե տեսանելի չէ, ինչպես Ճապոնիայում: Կորեացիներն ունեն շատ խոր արմատավորված հասարակարգՙ հիմնված նեոկոնֆուցիականության վրա, որը հասարակությանը թելադրում է ուժեղ կոլեկտիվիզմ ոչ միայն ընտանիքի եւ ընկերների հավատարմությամբ, այլեւ որեւէ կազմակերպության, դպրոցի կամ եկեղեցու ներսում եւ նույնիսկ լեզվի մեջ: Այդ պատճառով դժվար է քեզ զգալ որեւիցե սոցիալական մարմնի մաս, քանի դեռ չես տիրապետում լեզվին, ուստիեւ արեւմուտքցիներն ընդհանուր առմամբ դժվարանում են երկարաժամկետ ապրել Կորեայում: Ես եկա Կորեաՙ լեզու սովորելու եւ երաժշտական կրթություն ստանալու, ուստիեւ այդ մարտահրավերներից շատերին բախվեցի «առաջին ձեռքից», բայց դա այժմ դարձել է իմ կյանքի, անհատականության եւ երաժշտական արդյունաբերության մեջ աշխատելու մի զգալի մասը: Փաստորեն, իմ երաժշտական նախագծերի վրա ես շարունակում եմ աշխատել ավելի քան 25 տարի առաջվա համալսարանական դասընկերներիս հետ: Նույն կերպ, կորեական հանրության մեջ ստեղծագործ արվեստագետ լինելը պահանջում է հավասարակշռություն գտնել անհատական արտահայտման եւ քո հավաքական մարմնի հետ հարաբերության մեջ: Ոմանք ասում են, որ դա վերաբերում է այն որոշ սահմանափակումներին, որոնք Կորեայում զգում են ինչպես երաժիշտները, այնպես էլ տեսողական արվեստի մասնագետները, բայց ես զգում եմ, որ այն նաեւ օգտակար է դառնումՙ թույլ տալով արվեստագետներին բացվել արտահայտման ավելի ու ավելի բազմազան ոճերի համար:

Ինչպե՞ս կբնութագրես այսօրվա կորեական երաժշտությունը:

– Սկսած 2008 թվականից, կորեական փոփ երաժշտությունը (հայտնի որպես քեյ-փոփ) միջազգային ասպարեզում գտել է մեծ ընդունելություն, ինչի շնորհիվ այն մնում է ամենաակտիվ կորեական երաժշտական ոլորտը թե՛ տնտեսական, թե՛»փափուկ ուժի» առումներովՙ զարգացնելով զբոսաշրջությունը եւ մշակութային ճանաչվածությունը: Ցավոք, սա նաեւ նշանակում է, որ ի տարբերություն քեյ-փոփի, ինչպես ավանդական կորեական երաժշտությյունը, այնպես էլ անկախ երաժշտական ոլորտի շատ բարձրորակ գործեր (ջազ, հիփ-հոփ, այլընտրանքային, ավանդական քրոսովեր եւ այլն), բավականաչափ ուշադրություն կամ աջակցություն չեն ստանում կառավարության կամ հանրության մեծ մասի կողմից: Ստեղծագործական սերտ համագործակցություն կա տարբեր ոճերի ու կենդանի կատարողների կամ վայրերի միջեւ, օրինակՙ Սեուլի Հոնգդա թաղամասը, որտեղ ամեն երեկո նոր երաժշտություն է ստեղծվում ու կատարվում, շատ ավելի, քան որեւէ այլ տեղ:

Այո, «Գանգնամ սթայլի» եւ Բի Թի Էս տղաների խմբի շնորհիվ կորեական փոփ երաժշտությունը միջազգային մեծ ճանաչում է ստացելԷնդի, քեզ կարող ենք համարել կորեացի երգահա՞ն, թե պարզապես Կորեայում ապրող ամերիկացի երաժիշտ:

– Երկրորդը: Չնայած ես ավարտել եմ Կորեայի ավանդական երաժշտության տեսության ասպիրանտուրան եւ այստեղ ապրում եմ գրեթե 30 տարի, ես ինձ համարում եմ երգահանՙ առանց իր երաժշտության կամ ծագման հետ կապված ազգային ինքնության: Իմ ամենասիրած բաներից է տարբեր ակուստիկ գործիքների տոնայնության խառնումն ուսումնասիրելը եւ տեսնելը, թե ինչպես են հնչում զանազան մշակույթների երաժշտական տոներն ու ռիթմերը: Օրինակ, ես սիրում եմ Բրիտանական կղզիների ժողովրդական երաժշտությունը մեկնաբանել կորեական ավանդական գործիքներով, իսկ վերջերս նաեւՙ տեսնել, թե որքանով եմ կարողանում Կոմիտասի ամենից սիրված երգերը հնչեցնել կորեական համատեքստում: Վերջերս այնքան շոյվեցի, երբ կորեական գայագեում գործիքը նվագող դասընկերուհիս (այժմՙ երաժշտության եւ մշակութաբանության պրոֆեսոր), լսելով իմ նոր գործերից մի քանիսը, ասաց. «Դու չես վերցնում որեւէ ժողովրդի երաժշտություն ու ներդնում այլ մշակութային համատեքստի մեջ, որի պարագայում մի մշակույթը կարող էր գերիշխել մյուսին»: Դա ես զգում էի երկար ժամանակ, եւ այնքան երախտապարտ էիՙ լսելով նրա կարծիքը:

Դու հիշատակեցիր Կոմիտասին. փաստորեն ծանոթ ես հայ երաժշտությանը

– Ոչ այնչափ, որչափ որ կցանկանայի: Երբ փոքր էի, շաբաթ առավոտները երբեմն միացնում էինք հայկական հեռուստաժամը եւ լսում այդ ժամանակվա փոփ երաժշտությունը (Նելլի տատիկս ասում էր, որ արեւելահայերենն «այնքան գեղեցկորեն բարձրակարգ» է հնչում), որը քրոջս եւ ինձ համար պարզապես հիացմունքի բարձրակետ էր: Ես նաեւ շատ էի ուզում ուդ նվագել սովորել, եւ կալիֆոռնիացի հայրենակից Ռիչարդ Հակոբյանի ձայնագրությունները շատ կարեւոր էին հայկական տոնայնության իմ ընկալման համար: Եվ ինչպես արդեն ակնարկեցի, հիանալի էր Կոմիտասի երաժշտությունը հայտնաբերելը ու դրա մեջ խորասուզվելը: Բացի այդ, յութուբի շնորհիվ իմ տանը պարբերաբար հնչում է ինչ-որ բանՙ Սիրուշոյից մինչեւ Տիգրան Պետրոսյան, քանի որ ես սիրում եմ ամեն տեսակի փոփ երաժշտություն…

Ներկայումս աշխատում եմ Կոմիտասի երկու գործի մշակման վրա: Մեկը «Սարերի հովին մեռնեմ»-ն է, որին ավելացնելու եմ ավանդական կորեական գործիքներՙ դուդուկի եւ քանոնի հետ միասին, իսկ այստեղՙ Կորեայում, մի հիանալի հայ երգչուհի կկատարի երգը բնագրով: Գուցե նաեւ ստեղծեմ «Սարերի հովին մեռնեմ»-ի մեկ այլ տարբերակ, որը թարգմանվել է կորեերեն եւ երգվելու է ջեոնգգա ոճով, որը կորեական արքունի ավանդական երգելաձեւ էՙ շատ դանդաղ եւ զուսպ: Իսկ առաջիկա ձայնագրություններից կլինի իմ «Հաճընից Սեուլ» հորինվածքի վերջնական տարբերակը, որը պատմում է տատիկիս ճանապարհորդության եւ իմՙ Կորեա կատարած ուղեւորության մասին. սկսվում է թախծոտ դուդուկով եւ ավարտվում շրջված մեղեդիովՙ կորեական ավանդական գործիքավորմամբ:

Մեծ եղեռնի հարյուրամյակի տարում Ֆեյսբուքում դու միացար «Ես Հայոց ցեղասպանության վերապրածի սերունդ եմ» նախաձեռնությանըՙ տեղադրելով քո նախապապ դոկտոր Արմենակ Հայկազյանի (1870-1921) լուսանկարը

– Այդ լուսանկարի մասին մասին ես չգիտեի, մինչեւ որ մի քանի տարի առաջ Հարավային Կալիֆոռնիայում Հայկազյանի ժառանգների հավաքույթին մորեղբայրսՙ Ջեյմս Կոստանդյանը, ցույց տվեց մեզ: Դա այնպիսի հզոր պատկեր էր, որը տեսնելուց հետո դժվար է մոռանալ: Դուք տեսնում եք դոկտոր Հայկազյանի կապույտ աչքերը եւ խիստ, բայց սրտացավ դեմքի արտահայտությունը, իսկ նրա կնոջՙ Մաթիլդայի գեղեցկության մեջ թաքնված է Հաճընից գաղթելու դժվարությունը: Դա մի հայացք է, որը ես տեսել էի իմ ընկերների հարազատների նկարներում. նրանց դեմքերն այնպիսի վիշտ են արտահայտում, որին մեր տատիկ-պապիկներից շատերն են դիմացել Սփյուռքում: Ամենայն հավանականությամբ, նրանք լուսանկարվել են Կոնիայում, 1919 կամ 1920 թվականինՙ նախքան դոկտոր Հայկազյանի կողմից Մաթիլդային եւ նրա դուստրերին Ամերիկա ուղարկելը:

Դու քո տեսանյութերը ստորագրում ես Միհրան: Դա քո գեղարվեստական անո՞ւնն է:

– Ինձ դուր է գալիս, որ այդ կերպ են մտածում, բայց դա նաեւ մեր ընտանիքի գոյատեւման նշանն է: Ես ընտրեցի այդ անունը, քանի որ ինձ դուր է գալիս նրա հնչողությունը, նաեւ Միհրը շատ նման է հնչում կորեերեն «վիշապ» բառին, բայց իրականում այն իմ մոր հայրական պապի անունն է: Միհրան Կոստանդյանը Պոլսի Շիշլի թաղամասից էր, որդին էր հոգեւորական եւ աղյուսագործ Ավետիս Կոստանդյանի (որն օգնել է Աստվածաշնչի օսմաներեն թարգմանությանը 19-րդ դարի վերջին): Նրանք Ամերիկա են գաղթել համիդյան ջարդերից անմիջապես առաջ ու հաստատվել են Սիեթլումՙ Վաշինգտոն նահանգում: Միհրանն ամուսնացել է Մարի Թաշկյանի հետ 1906-ին, իսկ պապս (մեկ այլ Ավետիս) ծնվել է 1910 թվականին: Ինչպես դոկտոր Հայկազյանն է իր ընտանիքին անվտանգ ճանապարհել, ես եւս երախտապարտ եմ իմ նախապապ Միհրանիՙ Ամերիկա ապահով տեղափոխման համար եւ այսօր ուզում եմ հիշել նրան իմ այդ անունով:

Էնդի, իսկ տեղյա՞կ ես Կորեայում բնակվող հայերի ու հայկական ծագում ունեցողների մասին: Գիտեմ, որ կան մի քանի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, իսկ մշակույթի՞ ոլորտում

– Հայերի մեծ մասը, որոնց ես գիտեմ Կորեայում, բոլորովին վերջերս են ժամանել, վերջին տասը տարվա ընթացքում: Բացի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներից կան քիմիական ճարտարագետներ, մաթեմատիկոսներ եւ կորեերեն ուսանողներՙ թարգմանությամբ զբաղվելու եւ (կամ) զբոսաշրջության ոլորտում աշխատելու համար: Դժբախտաբար, կորեացիները շատ քիչ գիտեն Հայաստանի, նրա պատմության եւ մշակույթի մասին: Սակայն Ինստագրամի շնորհիվ Կորեայի հայերից շատերն ակտիվորեն գրում են հայ մշակույթի մասին (նույնիսկ եթե իրենց հիմնական ոլորտը տեղական զբոսաշրջությունն է), ուստիեւ ապագայում կարող ենք ավելի մեծ հավաքական տեղեկացվածության հույս ունենալ: Նրանցից Սեուլում բնակվող ՀԲԸՄ «երիտասարդ պրոֆեսիոնալներ»ից Նարինե Հարոյանը հիանալի կերպով կամրջում է Կորեայի հայերին եւ կարեւոր դեր խաղում բոլորին մշակութային քննարկումներին ներգրավելու գործում: Սոցիալական լրատվամիջոցներում նրանք բոլորը շատ գործուն ենՙ Արցախի ներկա պատերազմի վերաբերյալ գրառումները կատարելով բացառապես կորեերեն եւ օգնելով տեղացիներին հասկանալ հայերի աշխարհագրական եւ պատմական ծանր վիճակն ու հարատեւելու մեր ուժեղ կամքը:

Ինչպիսի՞ հայկական ավանդույթներ ունեիք ընտանիքում:

– Ես մեծացա որպես կես հայ երեխա (եւ հավասարապես կես օդար, այսինքնՙ օտար, ինչպես ինձ ճանաչում էին հին երկրից եկած ավելի պահպանողական հայերը): Ապրում էինք Մոնտեբելոյի փոքր հայ համայնքում, Գլենդեյլին մոտ: Լինելով երրորդ սերնդի հայ եւ ի վիճակի չլինելով խոսել հայերենՙ ես, այնուամենայնիվ, փորձել եմ սովորել մորս լեզուն: 1995-ին տուն գնալովՙ Փասադենայի Քաղաքային դպրոցի գրախանութում գնեցի մի քանի հայերեն դասագիրք, որ հետս բերեցի Կորեա ու սկսեցի պարապել: Դժբախտաբար, այբուբենից եւ տարրական հնչական ընթերցումից ավելին չկարողացա սովորել: Չունենալով հայերեն սովորելու լսողական միջոցներՙ ես հույսս կորցրի ու թողեցի հայերենի պարապմունքներս: Խորապես ցավում եմ, որ չկարողացա սովորել հայոց լեզուն ու ոչ մի կերպ չեմ կարողանում լիովին հասկանալ իմ հանգուցյալ տատիկ Նելլիի վիշտը, որը չցանկացավ փոխանցել իրենց առանձնահատուկ արեւմտահայ մշակույթը մորս ու նրա քույրերի սերնդին: Իմ մեծ տատիկ Մաթիլդան եւ դուստրերը ժամանեցին Տրոյա, Նյու Յորք 1921-ին: Նրանք մի քանի նամակ էին ստացել դոկտոր Հայկազյանից, որոնցում նա խոսում էր իր կողմից Ջենանյան ինստիտուտը լքելու մասինՙ նախքան թուրքերը կգայինՙ շարունակելու կոտորածները Հայկական բարձրավանդակում: Դոկտորը մտադիր էր միավորվել իր ընտանիքին Նյու Յորքում, բայց այդ նույն թվականին նա մահացավ տիֆից, Խարբերդից 800 կիլոմետր ճանապարհ կտրելուց հետո: Այդ լուրը խորապես ցնցեց նրա ընտանիքին, առաջին հերթինՙ Նելլիին, որը կատաղության մեջ պատռեց հոր բոլոր նամակները, իսկ Մաթիլդան իր դուստրերին փոխանցեց հետեւյալը. «Հիմա, ձեր հորը կորցնելով, մենք այլեւս հայրենիք եւ մշակույթ չունենք: Սա՛ է ձեր նոր երկիրը, սա՛ է ձեր նոր կյանքը»: Տասնամյակներ անց Նելլի տատիկս թուրքախառն հայերեն էր խոսում Ավետիս պապիկիս հետ (որը մեծացել էր հայախոս ընտանիքում), բայց նա այդպես էլ հրաժարվեց մորս ու մյուս զավակներին թեկուզ մեկ հայերեն բառ սովորեցնել: Նելլի տատիկը գերխնդիր էր դարձրել մոռացության տալ անցյալից հնարավորինս շատ բան: Մեր տանը եղած միակ հայկական ավանդույթը խոհանոցն էր. ընտանիքում նույնիսկ եկեղեցական տոները չեն նշվել…

Խոհանոցի մասին քո հիշատակումը հիշեցրեց գրածդ Լոս Անջելեսում ձեր կյանքի մասին. «Մենք պարբերաբար գնում էինք Փասադենայի որոշ խանութներՙ գնելու համար լահմաջուն, պանիր, խաղողի տերեւներ (Ֆրեզնոյի՛ց)ՙ տանը սարմա եւ պասուց տոլմա պատրաստելու, նաեւ սառեցված բլղուրՙ քյուֆթայի համար (մանկության տարիներին մենք դրանք անվանում էինք «ձեռքի նռնակներ»)ՙ լցոնված համեմված գառան մսով»: Ենթադրում եմ, որ Կորեայում կարոտում ես նման ուտեստները

– Ես կարոտում եմ տան համը, քանի որ աշխարհում չեմ համտեսել ավելի լավ բան, քան մորս պատրաստածց գառան մսով տոլման: Ուստիեւ, ամեն անգամ տուն գնալովՙ մայրիկիս խնդրում եմ ինձ մի նոր կերակուր պատրաստել սովորեցնել, քանի որ ես սիրում եմ խոհանոցով զբաղվել այստեղՙ Կորեայում, եւ կանոնավոր կերպով պատրաստում եմ իմ սեփական պասուց տոլման ու լահմաջունը, իհարկե, այն մատուցելով մերձավորարեւելյան ծանոթ ուտեստների հետՙ հումուս, մուհամմարա եւ հյուսած պանիրՙ քիմիոնի սերմերով: Հետաքրքրական էր նաեւ լսել այստեղի իմ հայ ընկերներից, թե որքան տարբեր են մայրիկիցս սովորած Ադանայի հայկական կերակուրները Հայաստանի խոհանոցից, որ իմ խորովածը եւ թոնրախորով գառնուկը բաստուրմա են դնում հիմնականում հազրեվարդի եւ կիտրոնի հյութի մեջՙ փոխանակ սուսամբարի եւ նռան հյութի, ինչը շատ տարբեր համային հատկանիշներ ունի իրենց սովորածից…

Ինչ խոսք, տարբերություններ կան Հայաստանի եւ Սփյուռքի խոհանոցների միջեւԷնդի, կարծում եմ, որ ժամանակն է, որ այցելես նախնիների երկիրդ եւ ծանոթանաս ոչ միայն խոհանոցին: Հրաշալի կլինի ողջունել քեզ Հայաստանում ու ծանոթանալ ստեղծագործություններիդՙ կենդանի կատարմամբ

– Դա բացարձակապես հիանալի կլինի: Շատ շնորհակալ եմ նման հնարավորության մասին խոսելու համար, եւ հուսով եմ, որ դա կիրականանա: Չնայած մորս ծնողների տոհմը հավանաբար հարյուրավոր տարիներ ապրել է Պոլսում ու Արեւմտյան Հայաստանում ու թերեւս ոչ մի կապ չի ունեցել Երեւանի հետ, իմ վաղեմի երազանքն էՙ մի օր այցելել Հայաստան: Նախ գնալ Ծիծեռնակաբերդ, ապաՙ այնպիսի վայրեր, ինչպիսիք են Խոր Վիրապը, Գառնին եւ, իհարկե, Սեւանա լիճը: Նստել բնության մեջ ու մի որոշ ժամանակ լուռ մնալ: Համոզված եմ, որ հենց այնտեղ, մեր իսկ երկրում ես ունկնդիր կլինեմ մեր նախահայրերի հնագույն երաժշտությանն ու հարատեւ ոգուն…