Բրիտանիայում հայտարարել են, որ կորոնավիրուսի նոր շտամի շուրջ իրավիճակը դուրս է եկել իշխանությունների հսկողությունից

98

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր տեսակի շուրջ իրավիճակը «դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից», հաղորդում է Sky News-ը:

«COVID-19-ի նոր շտամը դուրս է եկել վերահսկողությունից, եւ մարդիկ պետք է այնպիսի վարք դրսեւորեն, կարծես նրանք արդեն վարակված են, հատկապես, Անգլիայի շրջաններում, որտեղ հաստատվել է սահմանափակումների ամենաբարձր մակարդակը»,-ասել է պաշտոնյան:

Նախարարը հավելել է, որ չնայած բոլորն անհամբեր սպասում են Սուրբ Ծննդյան տոնին, նոր վարակիչ COVID-19-ը տարածվում է չափազանց արագ, ուստի կառավարությունը ստիպված է գործել վճռականորեն:

Հենքոքը ենթադրել է, որ ուժեղացված միջոցառումները կարող են տեւել մի քանի ամիս, քանի դեռ պատվաստանյութը չի ներմուծվել:

«Կորոնավիրուսի այդ շտամը մեծ խնդիր է… Դա սրընթաց տարածվող վարակ է, որը մենք պետք է պահենք հսկողության ներքո, սակայն COVID-19-ի նոր մուտացիան բարդացրել է մեր առջեւ դրված խնդիրը»,-նշել է նա:

Նախարարն անվանել է «բացարձակ անպատասխանատու վարք» կայարաններում մարդկանց կուտակումները, որոնք տեղի են ունեցել, քանի որ Լոնդոնի բնակիչները փորձել են մեկնել քաղաքից նախքան նոր լոքդաունի ուժի մեջ մտնելը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

News.am