Բութ դանակով մորթվող հայկական ֆուտբոլն ու չգնահատվող պրոֆեսիոնալները. ինչից սկսվեցին և ուր են տանում խնդիրները

222

Վերջին շրջանում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ամեն խաղից հետո այնպիսի զգացողություն է, որ յուրաքանչյուր փոփոխությունից հետո իրավիճակն ավելի շատ բարդանում է, քան բարելավվում: Ազգերի լիգայի մեկնարկից առաջ երկրպագուներին սպասվում էր հիասթափության հերթական առիթը: Թիմին միացած բազմաթիվ նորեկների հայտնվելը կարծես փոշիացավ «Ռոմայի» աստղ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակի պատճառով: Ֆուտբոլի հետ գոնե մի փոքր առնչություն ունեցող մարդիկ միանգամից հասկացան, որ Հայաստանի հավաքականի ավագն ու առաջատարը չէր կարող իր արձակուրդը գերադասել ազգային ընտրանու խաղերից: Շատերը շտապեցին քննադատել Մխիթարյանին, սակայն ակնհայտ է, որ այստեղ խնդիրներն ավելի խորքային են:

Ինչի՞ց սկսեց այս ամենը. Խնդիրները սկսեցին այն բանից հետո, երբ հայկական ֆուտբոլի ղեկավարման հնարավորությունը ստացավ մի մարդ, ում մեկնաբան աշխատած ժամանակ ֆուտբոլասերները «mute» արած էին նայում ֆուտբոլային խաղերը, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատելու ժամանակահատվածում էլ այդ նույն անձը, ըստ օդում կախված լուրերի, բռնվել էր փող գողանալու վրա։

Խայտառակ ընտրությունները ֆեդերացիային պարգևեցին խայտառակ ՀՖՖ նախագահ, գործադիր տնօրեն ու գործկոմ։ Գործկոմի առաջին կազմում համախմբվել էին «պարապ» պատգամավորներն ու լրագրողները, հետագայում կազմը «մաքրվեց». մնացին մի քանի լրագրողներ և հիմնականում ակումբների ներկայացուցիչները։ Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվում։ Ներկայումս գործկոմի կազմում ներկայացված են նույն ակումբի սեփականատերն ու սպորտային տնօրենը, և սա այն դեպքում, երբ ամեն ակումբից պետք է ներկայացված լինի մեկ մարդ, իսկ ամենազավեշտալին այն է, որ X ակումբի սպորտային տնօրենին գործկոմում ընդգրկելու առաջարկն արվել է Y ակումբի կողմից։

Ինչ վերաբերվում է առաջնություններին, ապա պետք է նշել՝ այստեղ, բացի «բուտաֆոր» բնույթի փոփոխություններից` ուրիշ ոչինչ չի արվում։ Այլ կերպ ասած՝ «զուտ եթեր է լցվում»։ Առաջնություններում ներկայիս նախագահի ու գործկոմի անդամներին կողմ քվեարկած թիմերի մեծ մասը ներքաշվել են պայմանավորված խաղերի մեջ։ Իսկ այն թիմերը, որոնք բարեխիղճ կատարում են իրենց աշխատանքը, նման են բարեգործական միությունների կամ շահույթ չհետապնդող կազմակերպությունների։

Մինչև օրս օդում կախված է «training compensation»-ի (փոխհատուցման) հարցը, ինչը ամենաուժեղ խթանը կարող է հանդիսանալ զարգացման համար, քանի որ այդ դեպքում ակումբները ստիպված չեն լինի զուտ լիցենզիա ստանալու համար մանկապատանեկան ակադեմիաներ պահել, այլ ակադեմիան կարող է դառնալ թիմի հիմնական ֆինանսական միջոց գեներացնող աղբյուրը և, ինչու ոչ, կխթանի ոչ թե ակումբների, այլ մանկապատանեկան ակադեմիաների հիմնումը: 

Մարզային ենթակառուցվածքներում իրավիճակն ավելի վատ է. կամ ենթակառուցվածքներ չկան, կամ դրանք սարսափելի վատ վիճակում են։ Պրոֆեսիոնալ պայմանագրերը կնքվում են «շաբլոնի» տեսքով` բոլորի հետ նույն բովանդակությունը, և բոլորինը հաստատվում է ֆեդերացիայի կողմից։ Երիտասարդ խաղացողների՝ դեպի Եվրոպա տեղափոխությունը ոչ թե խթանվում, այլ մի բան էլ խոչընդոտվում է։

Բանակային կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) առկայությունը, իհարկե, գլուխը բարձր պահելու առիթ է, սակայն այս ակումբին էլ խնդիրները չեն շրջանցել. ԲԿՄԱ-ն մարզահագուստ չունի, խաղում են հավաքականի մարզահագուստով (հավաքականի մարզահագուստը կրելը պետք է պատիվ լինի, ոչ թե ամենօրյա «մաշելու շոր»)։

Եվս մի զավեշտալի հանգամանք, որի մասին գրեթե չի խոսվում, սակայն բոլորը գիտեն. X ակումբի նախագահը հրաժարական է տվել` իր տեղը զիջելով բարձրաստիճան պաշտոնյայի։ Միևնույն ժամանակ X ակումբի նախագահը զբաղվում է Y ակումբի ղեկավարմամբ և իր տեղափոխությամբ իր հետ տանում մարզչական շտաբն ու մի շարք խաղացողների։ Բայց երբ X ակումբը պետք է խաղա «Եվրոգավաթում»՝ այդ բոլոր «տարած» խաղացողները գնում են նախկին թիմին օգնելու ու էլի հետ գալիս։ Արդյո՞ք սա հակամրցակցային համաձայնություն չէ։

Սա ընդամենը խնդիրների մի մասի շատ նոսր նկարագրությունն է։

Հիմա վերադառնանք Հենրիխ Մխիթարյանին և պրոֆեսիոնալ ֆուտբոլ ունենալուն ուղղված ֆեդերացիայի քայլերին, խնդիրները կարգավորելու տարբերակներին, որոնք պետք է որ անընդմեջ ֆեդերացիայի օրակարգում լինեին, սակայն վերջին շրջանում, ինչպես երևում է, ֆեդերացիան զբաղված է «ավելի կարևոր» հարցերով:

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղը մտածելու շատ բան տվեց երկրպագուներին: Նախ հասկացանք, որ բարձրակարգ ու Հայաստանի պայմաններում հսկայական աշխատավարձ ստացող իսպանացի մարզիչը դեռ չի պատկերացնում, թե որտեղ է հայտնվել: Հայաստանի հավաքականը գլխավորելուց հետո Խոակին Կապառոսը նշել էր, որ իր նպատակը 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելն է, բայց նա դժվար թե պատկերացներ, որ այդ ճանապարհը սկսելու է առանց Մխիթարյանի: Նա դժվար թե պատկերացներ, որ գալիս է մի երկիր, որի նոր ֆուտբոլային ղեկավարությունը, դեռ ոչ մի հաջողություն չգրանցած, կարող է մնալ առանց իր միակ աստղի: Հավաքականի սպասված նորեկները, մեղմ ասած, չտպավորեցին: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք չեն հասկանում, թե որտեղ են և ինչպես պետք է խաղան միասին:

Ինչպես Իտալիայի հավաքականից կրած խայտառակ պարտությունից հետո, այնպես էլ հիմա հասկանալի է, որ խնդիրը միայն հավաքականի մեջ չէ: Ֆեդերացիան ինչ-որ տեղ նաև հակասում է ինքն իրեն: Լեգեոնականների վերաբերյալ «քաշքշուկների» ֆոնին Հայաստանի հավաքական են սկսել հրավիրվել միջինից ցածր կարգի այլազգի ֆուտբոլիստներ: Ֆեդերացիան դա կարող է «բարդել» գլխավոր մարզիչի վրա և նշել, որ նա է պատասխանատու թիմի ելույթների համար: Սակայն արտասահմանցի մարզիչին այնքան էլ չի հետաքրքրում, թե ում հետ է հասնելու արդյունքի: Իսկ հայկական ֆուտբոլի համար անչափ կարևոր է, որ հավաքականում սերնդափոխության ժամանակաշրջանում հնարավորինս շատ տեղացի ֆուտբոլիստներ լինեն։

Ազգերի լիգան դեռ նոր է սկսվել, բայց արդեն պարզ է, որ մենք այնտեղ մեկնարկում ենք հետքայլ կատարած: Մակեդոնիայի դեմ խաղը նվազագույնը ցույց տվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է մեծ աշխատանք կատարի, որպեսզի հարգանքի արժանանա ֆուտբոլիստների կողմից: Պարզից էլ պարզ է, որ պետք է սկսել Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունները կարգավորելուց: Այլապես այդ անհասկանալի մեծամտությունը կարող է տանել նրան, որ հավաքականի առանցքային խաղացողները կսկսեն մեկը մյուսի հետևից լքել հավաքականը՝ հասկանալով, որ եթե հայկական ֆուտբոլը գլխավոր գովազդողն ու բազմաթիվ պատանի ֆուտբոլիստների կուռքը գնահատված չէ, ու նրա կարևորությունը ոչ իրենց տեղում աշխատող որոշ մարդիկ չեն հասկանում, ապա ի՞նչ կարող է լինել նրանց հետ:

Հարցերը շատ են, լուծումները` դեռ անտեսանելի: Եթե մինչև հոկտեմբերին տեղի ունենալիք խաղերը ֆեդերացիան չկարողանա վերականգնել վնասված մթնոլորտն ու բացեիբաց խոսել խնդիրների մասին, ապա պետք է անցնել լուրջ գործողությունների՝ չսպասելով հերթական ձախողված ընտրական փուլի ավարտին:

Վերոնկարագրվածն առաջ է բերում տրամաբանական մի շարք հարցեր։ Ի՞նչ է արվում, կամ ի՞նչ պետք է արվի այս խնդիրները լուծելու համար։ Որքա՞ն է շարունակվելու ցուցադրական գործուղումների գնալու և ՀՖՖ բյուջեն մսխելու պրակտիկան։ Այս հարցերից էլ առաջ են գալիս մի շարք ենթադրություններ. եթե այս խնդիրները կան, և շարունակաբար առաջանում են նոր խնդիրներ՝ առանց հները լուծելու, մի՞թե դա հայկական ֆուտբոլը վերջնականապես «թաղելու» հաստատուն ցանկություն չէ։

Աղբյուր՝ AntiFake.am