Կառավարության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում Տարոն Տոնոյանի հիվանդանոցում

250

NEWS.am–ի տեղեկություններով՝ մեկ ամսից ավելի է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում հայտնի վիրաբույժ, ազատամարտիկ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանին պատկանող «Տոնոյան» բժշկական կենտրոնում։ Մեր տեղեկություններով՝  ստուգումները սկսվել են այն բանից հետո, երբ Տոնոյանը, վերադառնալով ռազմաճակատից, ուշագրավ հայտարարություններ է արել պատերազմի ընթացքում թույլ տրված բացթողումների՝ մասնավորապես կամավորականների՝ զրահաբաճկոններ չունենալու, Փաշինյանին աջակցելու համար Երևանում ցույց անող, բայց Արցախում հոսպիտալների պատերի տակ բժշկական տեղեկանք «մուրացող» ասֆալտի ֆիդայիների  և այլ արատավոր երևույթների մասին։

NEWS.am–ի հետ զրույցում Տարոն Տոնոյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ստուգումների փուլն արդեն ավարտվել է և ներկայումս լսումներ են իրականացվում։

Հարցին, արդյոք որևէ միտում տեսնում է, ԲԿ–ի տնօրենն արձագանքեց.

«Չեմ ուզում որևէ մեկին պիտակավորել, արդյունքը ցույց կտա։ Ես ներկայացրել եմ իմ փաստարկները, պատասխանել եմ բոլոր հարցերին»։

Դիտարկմանը, թե այս ընթացքում իր կամ բժշկական կենտրոնի հետ կապված այլ խնդիրներ ծագել են, Տոնոյանը պատասխանեց.

«Տարբեր գործերով անհանգստացնում են, հին քրեական գործեր կան, որոնք թարմացվում են, սակայն  դրանց վրա չենք կենտրոնանում։ Անկախ ամեն ինչից հիվանդանոցը շարունակում է օր ու գիշեր սպասարկել մեր քաղաքացիներին»։

Անդրադառնալով պատերազմի հետևանքով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, հասարակության բևեռացմանը, ՀՅԴ ԳՄ անդամն ասաց.

«Ամեն ինչ իր տեղը կընկնի, Նիկոլը գնալու է, ժողովուրդը խելքը գլուխը հավաքի, լավ կառավարություն ձևավորի, Հայաստանը պետք է ուժեղանա, դառնա ողջ հայության խարիսխն ու բնօրրանը։ Վստահ եմ, Հայաստանը կուժեղանա և որոշ ժամանակ հետո իր կորուստները կվերականգնի»։

Հիշեցնենք, որ բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը սեպտեմբերի 27–ին բժշկական բրիգադով մեկնել էր ռազմաճակատ, վիրահատություններ իրականացրել նախ Ջաբրայիլի, ապա Հադրութի, իսկ վերջում արդեն Ստեփանակերտի հոսպիտալներում՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր։

Տարոն Տոնոյանն այս տարի հիմնել է «Տոնոյան» բժշկական կենտրոնը, իսկ մինչ այդ երկար տարիներ ղեկավարել է տարբեր բուժհաստատություններ, իրականացրել հազարավոր վիրահատություններ։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին Տարոն Տոնոյանը ազատամարտիկ ընկերների հետ հիմնել է Հադրութի և Ֆիզուլիի ռազմական հոսպիտալները։ Տոնոյանը որպես կամավոր Արցախ էր մեկնել նաև 2О16թ. ապրիլին։