Վե՛րջ Մեսիաներին

463

Մենք տիրասեր ազգ չենք, երբեք չենք եղել: Մեր լավագույն ղեկավարներին անգամ, իրենց կենդանության օրոք, չենք սիրել, չենք գնահատել: Նույնիսկ սովետական շրջանում, ուղիղ եւ ուղղահայաց իշխանության այդ տասնամյակներին, մենք չենք սիրել առաջին քարտուղարներին, մինչդեռ Ալեքսանդր Մյասնիկյանից սկսյալ, գրեթե առանց բացառության, նրանք մեր ժողովրդի համար եղել են նվիրյալ ղեկավարներ, ոմանքՙ հայրենասիրությունը իրենց կյանքի գնով ապացուցած մարդիկ: Գնահատել ենք հետմահու, ինչպես Վազգեն Ա կաթողիկոսին, որի պատկերը որպես սրբանկար դեռ պահում ենք մեր տներում, գրասենյակներում, մինչդեռ ժամանակին անպատվել ենք նրան որպես “KGB-ի գործակալ”…

Որպես անհատապաշտ հասարակություն, շարունակ սպասելիս ենք եղել մեր Մեսիային, Առաքյալին, որը պիտի գա հիմնովին բարեփոխելու մեր կյանքը, հզորացնելու մեր երկիրը եւ, ամենակարեւորը, զարմացնելու աշխարհին…

Երկուսուկես տարի առաջ եկավ այդ մարդը, եկավ ոչ թե “թավիշով”, այլ ընդունվեց “թավիշով”: Շողոմ խոսքերով ու խոստումներով ստանձնեց իշխանությունը, ո՛ղջ իշխանությունը: Ներկայացավ իբրեւ նոր “Մեսիա”, որը պիտի մաքրեր ու մաքրագործեր պետությունը, զարգացներ ու բարգավաճ դարձներ երկիրը, արդար եւ արդարադատՙ ժողովրդից թալանվածը պիտի վերադարձներ ժողովրդին, Հայաստանը պիտի դարձներ աշխարհում ժողովրդավարության բաստիոն, միջնաբերդ: Ու տակավինՙ Արցախյան կնճիռը պիտի հարթեր բոլորովին նոր ձեւերով, սկսելով զրո կետից, ի՛ր կետից…

Խանդավառությունը մեծ էր, նաեւ Արցախում եւ Սփյուռքում: Ոչ տիրասեր մեր ազգը հանկարծ դարձավ կռապաշտ: Այդ օրերին ոչ ոք չհարցրեց, չուզե՛ց լսել, խորաքննել, թե ի՞նչ պատրաստություն ուներ այդ տղան, որտե՞ղ էր կրթվել, պատրաստվել, ինչո՞ւ էր համալսարանից հեռացվել, ի՞նչ ճանապարհ էր անցել: Միայն գիտեին, որ լրագրող ու խմբագիր էր եղել: Գիտեին, որ անդադար “քլնգել” էր նախորդ իշխանություններին: Ոչ ոք չհարցրեց հին լրագրողներին, որոնք քաջ գիտեին, որ նա ու նրա թերթը գլխավոր այլասերողն է եղել հայկական մամուլիՙ ոչ միայն գումարի դիմաց խծբծանքի պատվերներ ընդունելով, իր լռությունն անգամ ծախու հանելով, այլեւՙ նախկին իշխանություններին “ալիբի” տալով, թե մամուլը կարող է նաեւ այդպիսին լինել, այդպես նախատրամադրված լինել քննադատելու, հետեւաբար պետք չէ կարեւորություն ընծայել այդ “անհիմն” քննադատություններին, հետեւաբարՙ ողջ մամուլին:

Ոմանք կամ շատերը գիտեին նաեւ, որ նա եղել է Մարտի 1-ի բախումների գլխավոր հրահրիչը, գլխավոր հեղափոխականը, որը լքել է “մարտի” դաշտը, լքել է ընկերներին ու փախուստ տվել: Ոչ ոք չհարցրեց, թե ձախողած այդ “հեղափոխականը” ինչո՞ւ է նորից, 10 տարի հետո, կրկին “հեղափոխություն” անում: Չէ՞ որ, ինչպես հետագայում Վանո Սիրադեղյանն էր դիպուկ բնորոշելու, երկրորդ անգամ հեղափոխություն անողը նախ վնասելու է իրեն, ապա իր ընտանիքին եւ հուսկ ուրեմնՙ իր երկրին:

Եվ ահա, երկուսուկես տարի հետո, վնասվել է երկիրը, ժողովուրդը, բանակը, տնտեսությունը, Հայաստանն ու Արցախը: Խորը, շատ խորը վնասվել է պետությունը, պետական անկախությունը, բզկտվում է հայրենիքը: Ու դեռ կան մարդիկ, ոչ քիչ թվով, որոնք չեն տեսնում, կամ չտեսնելու են տալիս այս ամենը, շարունակում են ծառայել կեղծ “Մեսիային”, շարունակում են մեկ անձի ձեռքին պահել այսքան իշխանություն, այս հիվանդ մարդու մտավոր ու հոգեկան գալարումների ենթակայության տակ թողնել հայրենիքն ու ժողովրդին: Եվ ակամա գալիս է միտքըՙ գուցե մեր ժողովուրդը արժանի չէ ինքնիշխան երկիր եւ անկախ պետականություն ունենալու: Գուցե դարձյալ ուրիշնե՞ր պետք է մեզ պահեն, պաշտպանեն, կերակրեն ու թելադրեն իրենց կամքը:

Ո՛չ, “Մեսիան” վաղուց, կործանիչ պատերազմից առաջ էլ, դիմազերծվել է: Նա վախկոտ, անօգնական, խղճուկ արարած է, որի միակ մտահոգությունը այն է, որ իրեն եւ իր իշխանությանը փոխարինողներ կարող են գալ, որոնց միգուցե հաջողվի ինչ-որ բան սրբագրել, բարեփոխել, մի քիչ շուռ տալ կացությունը: Պետության գլխին պատահաբար հայտնված մոլագարները միշտ էլ մտածել են Պատմության մեջ իրենց գրավելիք տեղի ու դիրքի մասին: Իր գործն է, թող մտածի: Թող մտածի ու հեռանա ո՛ւր ուզում է, գործակալական իր ցանցով հանդերձ: Թող թողնի իր սիրած, խոնարհած ու խոնարհված ժողովրդին, որպեսզի նա՛ ընտրի ոչ թե իր առաջնորդին, այլ այնՙ իսկապես իգիթ աշխատողների խմբին կամ թիմին, որը կստանձնի նման պայմաններում հայտնված նման երկրի կառավարումը, այն մարդկանցՙ որոնք ե՛ւ կրթությամբ, ե՛ւ փորձառությամբ, ե՛ւ նվիրվածությամբ այս երկիրը կարող են դուրս բերել այս վիճակից: Տղաներ եւ աղջիկներՙ 30-50 տարեկան, որոնք անբասիր են, իրենց ասպարեզներում հաջողած, ստեղծագործական կիրքով լեցուն:

Իսկ մեր ժողովրդինՙ մի խնդրանք. այլեւս երբեք, երբեք հույս մի՛ դրեք, մի՛ հավատացեք որեւէ Մեսիայի, մի՛ սպասեք նրանց, մի՛ խաբվեք նրանցից: Հրեաներն անգամ, որ ավելի քան երկու հազար տարի սպասում էին իրենց Մեսիայի գալուստին, այլեւս չեն սպասում: Առանց Մեսիայի նրանք հասել են իրենց ուզածին:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ