Սյունեցիներին ևս պաշտոնյաները համոզում են, թե պետք է գնալ «ցավոտ զիջումների»

176

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը հայտնում է, որ Կապանի «Արմատ» սահմանապահ կամավորական ջոկատի հրամանատար Արթուր Արամյանի հետ  խոսել է Սյունիքի այսօրվա վիճակի մասին:

Մտահոգություն ասվածը քիչ է, բայց միաժամանակ սահմանին ապրող հայերը ավելի իրական են գնահատում իրավիճակը:

«Աշխարհաքաղաքական փոփոխություններ են եղել աշխարհում, ու մենք պետք է քայլենք այդ փոփոխություններին համապատասխան, ոչ թե հետևենք 30 տարի առաջվա քարտեզներին: Մարդիկ իրենց անվտանգության գոտին են ուզում ապահովել, ոչ թե ապրել թշնամու զորքից 300 մետր հեռավորության վրա»,-Արթուրի խոսքերն են:

Կապանցի սահմանապահը չի հասկանում Սյունիքի արևելյան ամենակարևոր բարձունքները թշնամուն հանձնելու տրամաբանությունը: Բարձունքներն ընդհանրապես անվտանգության բնական երաշխավոր են, հակառակորդ կողմի համար՝ հարձակման լավ նախապայման: Որևէ մեկը կարող է՞ վստահ լինել, որ Կապանի հարակից բարձունքներից Ադրբեջանը չի հարձակվի:

Ըստ Արթուր Արամյանի՝ ՀՀ որոշ պաշտոնյաներ սյունեցիներին ասել են, թե այդ բարձունքները մեզ պետք չեն: Ինձ հետաքրքիր է, այդ մարդիկ պետական մտածողություն ունեցող մարդիկ ե՞ն եղել, թե՞ «խաղաղարարության» ինչ-որ նախաձեռնություններից:

Չկա անպետք բարձունք:

Սյունեցիներին ևս պաշտոնյաները համոզում են, թե պետք է գնալ «ցավոտ զիջումների», որպեսզի ապահովենք վաղվա համերաշխությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Զանգեզուրի, հատկապես Սյունիքի հայերը, որոնք տեսել են 1915-ի ցեղասպանություն, տեսել են 1990-ականների հարձակում Նախիջևանից ու Արցախի հարավում տեղավորված ադրբեջանական զորքից, տեսել են ազգամիջյան բախումների հրահրում Սյունիքում նստած թուրք-թաթարական բնակչության հետ, չեն կարող հավատալ որևէ բարեկամության:

Հեքիաթներին ես էլ վաղուց չեմ հավատում: Ադրբեջանի և Թուրքիայի հետ առաջիկա տասնամյակներում ևս բարեկամությունը անհնար է: Նախ՝ նրանք երբեք չեն դադարի Հայաստանը բնաջնջելու մտքից, ապա՝ մենք երբեք չենք կարող հրաժարվել մեր տարածքները վերադարձնելու գաղափարից ու աշխատանքից:

Հետևաբար՝ պայքարը հավերժ է, պետք է անընդհատ պատրաստվել, որքան էլ անհեռատես գործիչները մեզ կրավորական կեցվածք քարոզեն ու հերթով զիջեն մեր կենսական տարածքները: