Մենք արժանի չենք Ձեզ…

267

Հայի տականքն անմրցելի է…

Բախտավոր են այն մարդիկ, ովքերով այսօր չեղան Եռաբլուրում։ Չտեսան անդադար լաց լինող մայրերին, չունեցան այդ անբացատրելի ծանր զգացումները, չտեսան երկու թշնամական կողմերի բաժանված իր ազգին, չտեսան սևազգեստ մայրերի վրա ձեռք բարձրացնող, հրող ոստիկաններին, չլսեցին զոհված զինվորների մայրերի հասցեին ասվող հայոյանքներն ու պիղծ արտահայտությունները ու չտեսան դրանց ստոր հեղինակներին։

Չեմ ուզում անձնավորված քննադատել որևէ մեկին (իհարկե, խոսքը զոհվածների ծնողներին ոչ ոք քննադատելու բարոյական իրավունք չունի)։ բայց, իրադարձություններն հեղինակներ ունեն։

Անկախ նրանից, թե ինչ բնույթի ու բովանդակության ակցիաներ կիրականացվեն մայրաքաղաքի հրապարակում կամ ասենք՝ Կոմիտասի պողոտայում, անկախ ամեն ինչից, Եռաբլուրը մեր սրբավայրն է, որին պարտական ենք և որը պիտի հարգենք։

Վարչապետից լավ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ է կատարվելու Եռաբլուրում, որ բախումն անխուսափելի է լինելու։ Այդքանը գիտակցելով չպիտի գնար նման քայլի։ Նա պարտավոր էր հարգել զոհվածների հիշատակը ու նրանց մայրերին։
Եթե ուզում էր այցելել զոհերի շիրիմներին,  այդ ամենը կարող էր մենակ անել, առանց երթի, առանց բախումների։ Կարող էր Եռաբլուր գնալ ցանկացած օր, ընտրեր  հանգիստ մի ժամ,  և վերջում նոր, եթե իրոք, չի դիմանում իր հիվանդությանը՝ ֆեյսբուքամոլությանը, ճոխ գրառում կատարեր ու հայտներ իր հետևորդներին՝  այցի մասին։
Բայց ոչ, նա գնաց այդ քայլին, նա անարգրեց Եռաբլուրը, նրա հետևորդները այդ սգո երթը վերածեցին քարոզարշավի՝ «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով։

Եռաբլուրը պարտավոր ենք հարգել բոլորս, անկախ քաղաքական հայացքներից, անկախ վարչապետի հանդեպ ունեցած վերաբերմունքից։ Այնտեղ մեր հերոսներն են, այնտեղ մեր հայրենիքի պահապաններն են, մեր հայրենիքում մեզ ապրելու իրավունք նվիրողներն են։

Այսօրվանից հետո կարող ենք վստահ ասել, որ Եռաբլուրում թաղված հերոսներն ավելի ողջ են, քան մենք՝ բոլորս։

Երանի նրանց, ովքեր չտեսան Եռաբլուրը՝ այսօրվա դեպքերից հետո։
Երանի նրանց, ովքեր չլսեցին լաց լինող մոր խոսքերը. «ես էլ չեմ ուզում հայ լինել»։

Կներեք մեզ, տղե՛րք։ Մենք արժանի չենք Ձեզ։ Մենք չկարողացանք պահել Ձեր արյունով շաղաղված հողը, իսկ հիմա չենք կարողանում պահել ձեր շիրիմներն ու Ձեր մայրերին։
Կներեք մեզ, որ ամեն պատահած իրավունք ու հնարավորություն ունի հագնել զինվորական համազգեստ։

Չնայած, մենք Ձեր ներմանն էլ արժանի չենք։

Իշխան Թովմասյան