Հայկական բանակին պետք է նոր և զորավոր առաջնորդ

132

Կարո՞ղ ենք երևակայել պատմական մի իրադրություն, երբ Սյունիքի բնակիչներից բաղկացած աշխարհազորը ցանկանում է պահել իրենց բնակավայրերին կից իշխող բարձունքներն ու դիրքերը և թուրքին դրանք ոչ մի դեպքում չհանձնել, բայց հայկական կանոնավոր զորքի առաջնորդը՝ Դավիթ-բեկը, Մխիթար-սպարապետը, Անդրանիկը կամ Նժդեհը նրանց տարհամոզում են և թույլ չեն տալիս դա անել։ Այսինքն՝ ոչ միայն չեն խոստանում աջակցել իրենց հրամանատարության տակ եղած զինուժով, այլև չեն խրախուսում ինքնապաշտպանություն կազմակերպել։

Կարո՞ղ ենք երևակայել այդպիսի բովանդակությամբ զրույց սյունեցիների ու նշածս ազգային-ռազմական գործիչների միջև։ Կարծում եմ, չենք կարող, որովհետև դա ֆանտաստիկայի ժանրից անդին է։ Իսկ հիմա կարդանք ՀՀ ՊՆ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի և սյունեցիների երեկվա հանդիպման մասին հետևյալ հաղորդագրությունը.«Անդրադառնալով Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ տեղի ունեցած երեկվա հանդիպմանը՝ Քաջարանի քաղաքապետը պատմեց. «Նա էլ ասաց՝ այո, այդ դիրքերը պետք է թողնեք։ Անգամ իրեն առաջարկեցինք՝ կարող ենք պահել, ի վիճակի ենք պահելու, սակայն ասաց՝ պիտի տանք։ Նախարարը հանդիպման ժամանակ ասաց՝ կարող եք մնալ այդ դիրքերում, բայց խորհուրդ չեմ տա» (https://news.am/arm/news/619716.html

Խոսքը հետևյալ դիրքերի մասին է.«Այն դիրքերը տվեցինք, որոնք 1992-94 թվականներին չունեինք, ու հակառակորդը հեշտությամբ թիրախավորում էր Կապան քաղաքը, գյուղերը։ Մենք պատերազմի ժամանակ էինք զբաղեցրել այդ դիրքերը, որպեսզի կարողանանք փակել թիրախի ճանապարհը։ Այսօրվա հանձնված դիրքերը 1300 մետր բարձրության վրա էին։ Այդ դիրքերից հակառակորդի ցանկացած շարժ կարողանում էինք տեսնել։ Մենք այս դիրքերը հեշտությամբ չենք վերցրել, կռվով ենք վերցրել, ընկերներիս արյուն է մնացել այդ հողում, բայց այսօր այսքան հեշտ տվեցինք։ Մեր թեւերը ջարդեցին։ Չեք պատկերացնի, իջանք ու հեռվից նայում ենք մեր պահած դիրքերին, աննկարագրելի ցավ է։ Քոչվոր ցեղի նման քշեցին-քշեցին իջեցրին ստեղ։ Մեկը չկար մեր կողքին, մենք էլ մի բան ասեինք»,- ասաց քաղաքապետը»։

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Այվազյանի ՖԲ էջից։