Կյանքը կռիվ է…

83

Կյանքը կռիվ է…Կամ դու ես հաղթում,
Կամ մի ուրիշն է քեզ գետնով տալիս,
Կարևորն այն է՝ ամեն մարտի հետ
Քեզ իմաստնություն ու փորձ է գալիս…

Ու եթե հանկարծ երերաս մի պահ,
Էլ ուր մնաց թե՝ ոտքդ սայթաքի,
Գիտցիր՝ ոհմակը դարանակալած՝
Պատրաստ կանգնած է, որ քեզ հոշոտի։

Երբեք թշնամուդ չշրջվես մեջքով,
Չտրվես հիմար, դատարկ հույզերին,
Ու թե ոսոխդ ծնկել է անգամ,
Պետք չէ հավատալ նրա զղջումին։

Կյանքը կռիվ է՝ ուժեղն է հաղթում,
Ու նա է խմում հաղթության գինին,
Արդար, անարդար՝ ո՜վ է հարցնում,
Նա է արդար, ով տապալեց գետնին…

Ես ի՜նչ, ես արդեն փորձված մարտիկ եմ,
Քանի՜ մարդու եմ պարտվել այս կյանքում,
Ինձ համար հաղթելն էլ նպատակ չէ,
Կարևոր է լոկ, որ մնամ կանգուն։

Հոգնել եմ արդեն սուրս ճոճելուց,
Ու հաղթանակ էլ չունեմ իմ հաշվին,
Ես մոլորվել եմ, էլ չեմ տարբերում,
Ով է բարեկամ, ով է թշնամի…

հեղ. Ռուզաննա Բոշյան
31.01.2018