Որոշ վաճառականների խիղճը պիթոնե դրամապանակում է

169

Քայլում ես Երևանի փողոցներով ու հատուկենտ աչքիդ երևում են խիստ տոնական տրամադրությամբ վաճառատեղեր, սրահներ, և այլ մասսայական այցելության վայրեր։ Սրանց ֆոնին, իհարկե, կան այնպիսինները, որոնք մերժել են խրախճանքի խորհրդանիշ զարդարանքները՝ մտնելով համազգային տրամադրության մեջ։

Բայց, այ, շատ ու շատ այլ վայրերում նախատոնական, ամանորյա եռուզեռի սկիզբն ազդարարված է։ Սա սպասելի էր. որոշ վաճառականների խիղճը պիթոնե դրամապանակում է, գունավոր թղթիկների արանքում, բայց եթե խոսվում է եռօրյա սգի մասին, խոսվում է հային վշտակցելու մասին, հայտարարվում են նոր ցուցակներ՝ մեզ դժբախտացնող նոր անուններ, վերադառնում են տուն անթիվ հաշմված տղաներ, գերությունից ետ են գալիս փոխված ճակատագրեր, առհասարակ էտվեց ու էտվում է դեռ մեր հայրենիքը ճյուղ առ ճյուղ…ու այսքանով հանդերձ կան որոշ խոշոր չարչիներ, որոնք կոպեկը կոպեկին են դնում ու ավելի արժևորում տարեմուտի շահութաբեր տոնի պատրաստուքը, քան սեփական երկրի տխրությունն ու սուգը «հանդուրժելը»։


Դժվա՞ր է մի տարի էլ չհրճվել, երբ թեկուզ կորստի դառնությունը քո իսկ ընտանիք չի մտել։ Փաստորեն՝ այո։ Դժվար է, որովհետև մորթապաշտ, եկամտային թրծումներ վայելող զանգվածներին արգելող չկա, իսկ իրենք, մեծ հաշվով «կենսախինդ» գնորդների մե՜ծ սպասումներ ունեն՝ անկախ ամեն ինչից, իսկ նման ֆանտաստիկ սեզոնի վատնումը կնշանակի կիլոներով գրոշների կորուստ։

Հ Գ. Սուգը միայն ամսաթվի սև երիզը չէ, այլ պարտավորեցնող մի գիտակցում, որն արգելում է մասշտաբային հանդեսներն ու «փայլիկազարդ», գունավոր լույսերով անկյունները՝ առավել ևս մերրիքրիսթմսթային երգերով վաճառասրահների հրճվանքը։ Ամոթ է, թափանցիկ սրիկաներ, ամոթ։