Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անհրաժեշտ էին. Հունաստան

77

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ երկիրն անհրաժեշտ է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ՝ որպես ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հետևանք:«Հունաստանի պատասխանը ՆԱՏՕ-ի անդամի պատասխան է, մի երկրի պատասխան, որը ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես կայունացնող գործոն Հարավարևելյան Միջերկրական ծովում, Եվրոպայում, աշխարհում։ Այս համատեքստում, կարծում եմ, որ այդ պատժամիջոցներն անհրաժեշտ էին: Դրանք պետք չէին Թուրքիային պատժելու համար, այլ՝ որպես շեշտելու միջոց, որ Թուրքիան դուրս է եկել սահմաններից ոչ միայն Ս-400 զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելու պատճառով, ինչը, ի դեպ, կարող է հետագայում վտանգել ՆԱՏՕ-ի անդամ երկրների անձնակազմի կյանքը, այլև ընդհանուր վարքի՝ այն տարածքում, որտեղ մենք ապրում ենք՝ Արևելյան Միջերկրական ծովում, Կովկասում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, մեր ողջ տարածաշրջանում»,- մեջբերում է նրան ՏԱՍՍ-ը:Հարցին, թե արդյո՞ք նա վրդովված է, որ Եվրամիությունն ԱՄՆ-ի նման կոշտ չի արձագանքում և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ չի սահմանում, նախարարը պատասխանել է, որ «ավելի պարզ լեզու կնախընտրեր իր ընկերներից և գործընկերներից»: «Մենք գիտենք, որ Եվրամիությունը դանդաղ է արձագանքում, արձագանքում է իր 27 անդամ երկրների միաձայնության միջոցով, ուստի ժամանակ է պետք: Բայց ես շեշտեմ այն փաստը, որ նույնիսկ Եվրամիությունն այժմ Թուրքիային համարում է եվրոպական խնդիր և ոչ միայն որպես երկիր, որը տարաձայնություններ ունի մեկ կամ երկու անդամ երկրների՝ Հունաստանի ու Կիպրոսի հետ», – ասել է Դենդիասը:Նրա խոսքով՝ ԵՄ-ն Թուրքիային դիտարկում է «որպես տարածաշրջանում ապակայունացնող գործոն, և սա շատ բան է ասում»: «Գուցե Եվրամիությունից ժամանակ պահանջվի Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների մակարդակին հասնելու համար, բայց եթե Թուրքիան չփոխի իր ուղեգիծը, ապա կարծում եմ, որ դա տեղի կունենա նույնիսկ ավելի շուտ»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը:

Yerkir.am