Արցախցի գործազուրկ քաղաքացիները կարող են գործատուի մոտ պրակտիկա անցնել եւ ստանալ ամսական 100 հազար դրամ աջակցություն

135

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի նիստում հաստատեց վերջին պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը։

Հարցը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ խոսքը Արցախի այն քաղաքացիներին է վերաբերում, որոնք բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվողն տարածքներում:

«Միջոցառումը ենթադրում է մինչեւ երեք ամիս ժամկետով գործազուրկ անձանց հնարավորություն տալ գործատուների մոտ անցնել պրակտիկա, որի դիմաց այդ քաղաքացիները կվարձատրվեն 100 հազար դրամի չափով: Միաժամանակ գործտուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող անձին կտրվի աջակցություն 34 հազար դրամի չափով: Միջոցառման շահառուները կարող են դիմել զբաղվածության գործակալություններ»,-ասաց նախարարը:

Միջոցառման շրջանակներում որպես աջակցություն տրամադրվող փոխհատուցման ենթակա միջոցները փոխանցվում են գործատուի բանկային հաշվին։

Աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե լուծվել է շահառուի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։

News.am