Փորձագետները չեն բացառում նոր միջադեպերն Արցախում

75

Կազիմիրովի կարծում է, որ պետք է տեղեկություն հրապարակել այն մասին, թե ով է խախտել 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմը։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ղարաբաղում նոր միջադեպերի վտանգը չեզոքացված չէ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ՌԴ նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ կողմերը պահպանեն հրադադարը։ Ողջունում եմ, որ ռուս խաղաղապահներին այդքան արագ բերվեցին այդ հակամարտության գոտի, դա շատ կարևոր է։ Իմ կարծիքով՝ չի կարելի համարել, որ տարատեսակ միջադեպերի առաջացման վտանգը չեզոքացվել է»,- ասել է Վլադիմիր Կազիմիրովը։

Նրա խոսքով՝ պետք է տեղեկություն հրապարակել այն մասին, թե ով է խախտել 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմը, որը գործել է 26 տարի։

Նույն կարծիքն ունի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի գիտաշխատող Վադիմ Մուխանովը։

«Չկա ոչ մի երաշխիք, որ կրկին սրացում չի լինի։ Հատկապես այն հայտարարությունները, որոնք հակամարտության կողմերն անում են հիմա՝ համաձայնագրի կնքումից հետո, կասկած չեն թողնում, որ հակամարտության կողմերը պատրաստ չեն շարունակել խնդրի կարգավորումը», – նշել է փորձագետը։

Նրա խոսքով՝ կարգավորմանը կարող է օգնել միայն կողմերի ու քաղաքական վերնախավերի կամքը։

«Իրավիճակը դեռ օդից է կախված։ Ցավոք, օդից կախված վիճակում է լինելու նաև ռուս խաղաղապահների զորախումբը, քանի որ նրանք որոշ չափով իրավիճակի պատանդներն են լինելու․․․ Մեծ է սրացումների կրկնությունների հավանականությունը ոչ միայն Հադրութում, այլև կենսական կարևորություն ունեցող այլ շրջաններում, այդ թվում՝ Լաչինի միջանցքի սահմաններին», -ասել է Մուխանովը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմանում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ էին ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վնասվածքներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։

Դեկտեմբերի 14-ի տվյալներով, սակայն, գյուղերն անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Armeniasputnik.am