Ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում. Արայիկ Հարությունյան

199

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փորձել է փակագծեր բացել ու ենթատեքստերի տակ լռությունը խախտել: Նա ասել է. «Ինձ համար, բնականաբար, ընկալելի են Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների իշխանություններից պատերազմի արդյունքների ու առկա իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ պահանջելուն միտված գործողությունները, քանի որ յուրաքանչյուր իշխանություն պետք է պատասխանատու լինի իր լիազորությունների կատարման ու չկատարման համար եւ հաշվետու՝ ժողովրդի առջեւ:

Այո՛, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն եմ կրում այս իրավիճակի համար, սակայն որեւէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից:

Օրինակ, եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները եւ արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում եւ թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում:

Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջեւ մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ նպաստ բերելու Հայրենիքի պաշտպանության կարեւորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնական ու ոչ պաշտոնական լիազորություններից ու հնարավորություններից»: